Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի՝ «Ատլետիկի» հետ հանդիպումը (0:1):
«Մեր ծրագիրը չէր փոխվել. փորձում էինք անել այն, ինչ մյուս խաղերում: Մենք ցանկանում էինք գնդակը հեռու պահել հետին գծից, սակայն նրանք լավ ճնշում էին գործադրում, ու չէր ստացվում: Ավելի ուշ մենք համեմատաբար ավելի լավ էինք վերահսկում խաղը, իսկ Կազեմիրոն շատ լավ հնարավորություն ուներ:
Խաղը վերահսկելի էր թվում, զգում էինք՝ լրացուցիչ ժամանակում առավելություն կունենայինք, քանի որ հիմնական ժամանակում մրցակիցը շատ մեծ էներգիա էր ծախսում: Բայց խաղավերջում նրանք գոլ խփեցին, ավելին՝ վերջին րոպեին: Գիտեինք, որ բարդ է լինելու այնպես, ինչպես նրանց դեմ մրցաշրջանի մյուս խաղերում:
«Ատլետիկն» արժանի էր հաղթանակի, բայց, ո՛չ, ես չեմ կարծում, թե սա մեր վատագույն խաղն էր այս մրցաշրջանում:
Մենք պետք է ավելի շատ կենտրոն տեղափոխվեինք, նույնիսկ ավելի շատ օգտագործեինք Կուրտուային: Սրա մասին խոսեցինք ընդմիջմանը, բայց չկարողացանք անել այնպես, ինչպես ուզում էինք»,- ասել է Անչելոտին հետխաղյա ասուլիսի ժամանակ:
Յովիչին, Ազարին, Բեյլին խաղադաշտ դուրս չբերելու մասին.
«Կրոսի ու Վինիսիուսի հոգնածության պատճառով խաղադաշտ դուրս բերեցի Կամավինգային ու Իսկոյին: Սպասում էի, որ խաղը տեղափոխվեր լրացուցիչ ժամանակ, որ հերթական փոփոխությունն անեի, սակայն նրանք գոլ խփեցին: Բայց ինչու՞ եք հարցնում հենց այդ երեք խաղացողներից, ինչու՞ չեք հարցնում Սեբալյոսի կամ Կարվախալի մասին: Շատ խաղացողներ կային, որոնք չխաղացին»:
Մրցաշարից դուրս մնալու հիասթափության մասին.
«Մենք տխուր ենք, քանի որ ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում: Սուպերգավաթը հաղթեցինք, այս մրցաշարում պարտվեցինք: Եվս երկու մրցաշար կա, որոնց վրա պետք է կենտրոնանանք: Այս պարտությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի: Մենք գիտեինք, որ այստեղ բարդ է լինելու, ու մենք որոշ խաղացողների կարիքն ունեինք»: