Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախամրցաշրջանային խաղերի ժամանակ բելգիացի հարձակվող էդեն Ազարին նոր դիրքում կփորձարկի։
Իսպանացի լրագրող Անտոն Մեանի խոսքով՝ 31-ամյա բելգիացին կխաղա հարձակման կենտրոնում՝ կեղծ «9» համարի դիրքում։ Իտալացի մասնագետը ցանկանում է նոր մրցաշրջանում նվազեցնել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի ծանրաբեռնվածությունն ու օգտագործել Ազարի ունիվերսալությունը։
2021/22 մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում մասնակցել է 23 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Մադրիդյան ակումբի հետ Ազարի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։


