Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կատալոնական «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղի մասին:
«Չեմ կարծում, որ Լա լիգայի չեմպիոնը կորոշվի վաղվա խաղում, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի մրցավեճը։ Երկու թիմերն էլ շատ միավորներ ունեն, որքան շուտ հատենք 80 միավորի շեմը, այնքան շուտ կապահովենք չեմպիոնությունը։ 80 միավորն առաջնությունում հաղթելու երաշխիք չէ, բայց որքան շուտ հասնես այդ ցուցանիշին, այնքան մոտ կլինես տիտղոսին:
Որ թիմը վաղվա խաղում հաղթի, առավելություն կունենա, բայց առաջնությունում հաղթելու համար դեռ երկար ճանապարհ կա»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Real Madrid Info-ն։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» 58 միավորով Լա լիգայի առաջատարն է, «Ժիրոնան» 56 միավորով երկրորդն է: «Ռեալ» - «Ժիրոնա» խաղը տեղի կունենա փետրվարի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:


