Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսին գովել է մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Մեզ սպասվում է գրավիչ ֆուտբոլային հանդիպում։ Յուրաքանչյուր թիմ ունի իր առանձնահատկությունները, երկուսն էլ բարձր մակարդակի ակումբներ են։ Մենք խաղի որոշ ասպեկտներով գերազանցում ենք նրանց, նրանք էլ որոշ առումներով մեզ են գերազանցում: Ընդհանուր առավելությունը պարզ կլինի 180 րոպեից հետո, երբ տեսնենք, թե որ թիմը կհաղթի այս դիմակայությունում։ Գվարդիոլան մեծագույն մարզիչ է: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իմ մասին մրցակցի ճամբարում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին Մադրիդում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:


