Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպումը, որտեղ «Արքայական ակումբը» լրացուցիչ ժամանակը ներառյալ պարտվել է 2-3 հաշվով:
«Խաղացողներին ասելիք չունեմ, քանի որ բարձրակարգ հանդիպում անցկացրինք: Արեցինք այն ամենը, ինչ պետք է անեինք: Ցավ եմ ապրում: Լավ էինք պաշտպանվում: Առաջին կեսում «Բարսելոնան» մեզնից լավն էր, երկրորդ կեսում մենք լավն էինք նրանցից:
Այժմ 2 օր կհանգստանանք: Մբապեն չէր կարող խաղալ 90 րոպե: Ռյուդիգերը վնասվածք չունի. նա պարզապես ուժասպառ էր»,- ասել է իտալացի մասնագետը հետխաղային ասուլիսին:
Ապագայի վերաբերյալ հարցին Անչելոտին պատասխանել է. «Գուցե մնամ, գուցե հեռանամ. կտեսնենք»:
Իսպանական AS-ը հաղորդում է, որ ակումբում այնպիսի տպավորություն է, որ անկախ Լա լիգայի արդյունքներից, կարծես հաստատված է, որ Կառլո Անչելոտին կհեռանա:
Relevo-ն էլ գրում է, որ շուտով հանդիպում տեղի կունենա՝ Կառլո Անչելոտիի՝ Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը ստանձնելու հարցը փակելու համար: Իտալացի մասնագետը կհեռանա «Ռեալից»: Հարց է միայն՝ հիմա՞, թե՞ ընթացիկ մրցաշրջանից հետո:


