Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Աթլետիկոյի» նկատմամբ տնային հաղթանակը 3-1 հաշվով:
«Այսօր մենք մրցեցինք շատ ուժեղ թիմի հետ, որն առաջին խաղակեսն ավելի լավ անցկացրեց, քան մենք: Երկրորդում մենք ներդրեցինք ամբողջ ուժը, և դա շատ լավ էր: Անհատական որակը հավասարեցրեց հաշիվը և թույլ տվեց մեզ մեր երկրպագուների աջակցությամբ լրացուցիչ ժամանակում հաղթել։
Վինիսիուսը խաղաց այնպես, ինչպես միշտ է խաղում: Նա լավ էր վերահսկում խաղը՝ մեծ ոգևորությամբ և երկրպագուների առաջ իրեն դրսևորելու ցանկությամբ։ Վինիսիուսը շատ լավ հանդիպում անցկացրեց, պայքարեց մինչև վերջ։ Կարծում եմ, որ գոլը վարձատրություն էր նրա մեծ աշխատանքի համար։ Նրա հետ կատարվածը շատ ցավալի էր, բայց նա կենտրոնացած էր խաղի վրա։
Կարծում եմ՝ թիմն այնքան էլ լավ չխաղաց, բայց ես միշտ վստահ էի, որ մենք ռեսուրսներ ունենք կատարելագործվելու։ Մենք փոքր-ինչ փոխել ենք Մոդրիչի դիրքը, բայց մեր քամբեքը մտածողության փոփոխության շնորհիվ է, ոչ թե մարտավարության։ Հաշիվը հավասարեցնելու համար մենք շատ ավելի ջանք գործադրեցինք: Շատ դժվար է հասկանալ, թե ինչպես առաջին խաղակեսում վատ խաղ ցուցադրած թիմն այդքան լավ լավ ելույթ ունեցավ երկրորդում:
Ինչ վերաբերում է Ռոդրիգոյին, ապա նա մի փոքր խնդիր ուներ աքիլեսյան ջիլի հատվածում։ Ռոդրիգոն ֆանտաստիկ գոլ խփեց, ու դա արեց շատ հեշտությամբ։ Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» մադրիդյան դերբիում կամային հաղթանակի էր հասել լրացուցիչ ժամանակում: «Արքայական ակումբի» մրցակիցը կիսաեզրափակիչում կորոշվի վիճակահանությամբ:


