Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասուլիսի ընթացքում անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանն ու խոսել այլ թեմաներից:
«Մենք ճիշտ վարվեցինք՝ չներկայանալով «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը: Վինիսիուսն էր արժանի «Ոսկե գնդակին»: Հարգում ենք Ռոդրիին, բայց նա արժանի էր մրցանակին ոչ թե 2024, այլ 2023 թվականին:
Գվարդիոլային հանդիպելն ինձ համար մղձավանջային է, քանի որ չափազանց դժվար է պատրաստվել նրա թիմի դեմ խաղին: Ամեն անգամ ստիպված ես նոր բան մտածել: Պեպը ֆանտաստիկ մարզիչ է, նա փոխել է ֆուտբոլն իր պատկերացումներով:
Պաշտպանությունում կորուստները մեծ են: Վալյեխոն քիչ է խաղաժամանակ ստանում ոչ թե նրա համար, որ չեմ վստահում նրան, այլ այս տարի լրանում է նրա պայմանագրի ժամկետը, ուստի՝ շանս ենք տալիս երիտասարդներին», - իտալացու խոսքն է մեջբերում Marca-ն:


