Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է արգենտինացի Լիոնել Մեսիի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։
«Այս մրցակցությունը մոտիվացրեց Մեսիին և Ռոնալդուին: Վերջին տարիներին նրանք ֆուտբոլային աշխարհի գլխավոր ճարտարապետներն են:
Մեսին կարիերան ավարտում է աշխարհի առաջնությունում հաղթանակով, Ռոնալդուն տարբերվում է, բայց նա հիանալի կարիերա է ունեցել, հատկապես՝ «Ռեալում»: Ռոնալդուն հավերժ կմնա երկրպագուների սրտերում։
Ես չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել Ռոնալդուն: Նա դեռ ցանկանում է ամենաբարձր մակարդակում մրցել։ Այնպես որ, չեմ կարծում, որ տեղափոխությունն արաբական ակումբ կհամապատասխանի նրան»,- նշել է իտալացի մասնագետը Radio Anch'io-ի հետ զրույցում:
Կատարում ավարտված Մունդիալի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2) և դարձել աշխարհի եռակի չեմպիոն: Արգենտինացիների ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի համար սա առաջին չեմպիոնությունն էր աշխարհի առաջնություններում: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դարձել էր նաև ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստ ու եզրափակիչի լավագույն խաղացող։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ Ռոնալդուն նոյեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա հարձակվող պայմանագիր կստորագրի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» հետ: