Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի 24-րդ տուրում տանը 4-0 հաշվով կատալոնական «Ժիրոնային» հաղթելուց հետո գովել է իր ֆուտբոլիստներին:
«Վինիսուսը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց: Նա շատ կարևոր դերակատար է լինում խաղադաշտում, երբ լինում է այս մակարդակում։ Այսպիսի խաղամակարդակում Վինին լավագույնն է աշխարհում: Երկրորդը Բելինգհեմն է, երրորդը՝ Ռոդրիգոն, չորրորդը՝ Կրոսը...»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Անչելոտին նաև արձագանքել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին:
«Մբապե՞ն: Իմ ֆուտբոլիստներն ամենալավն են: Դու այլ թիմի ֆուտբոլիստի անուն ես տալիս»:
Հիշեցնենք, որ Անչելոտիի գլխավորած թիմը 61 միավորով Լա լիգայի առաջատարն է, մադրիդյան գրանդը 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնային»:


