Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդի Դավիդեն կարող է գլխավորել Լիվերպուլի «Էվերթոնը», որտեղ իր հոր օգնականն է եղել 2019-2021-ին:
Daily Mail-ի տեղեկություններով, «Էվերթոնը» գլխավորելու հիմնական թեկնածուն արգենտինացի Մարսելո Բիելսան է, որը հունվարի 26-ին ժամանել է Անգլիա և բանակցություններ վարել մերսիսայդցիների հետ: Եթե կողմերը համաձայնության չգան, անգլիական ակումբը պաշտոնական առաջարկ կկատարի 33-ամյա Դավիդե Անչելոտիին, որը հոր հետ աշխատել է նաև Մյունխենի «Բավարիայում» և իտալական «Նապոլիում», իսկ այժմ «Արքայական ակումբում» է:
Հիշեցնենք, որ «Էվերթոնը» գլխավոր մարզիչ չունի հունվարի 24-ից՝ անգլիացի Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկությունից հետո: 44-ամյա մասնագետի գլխավորությամբ «Էվերթոնը» չէր հաղթել 2022-ի հոկտեմբերի 22-ից՝ անցկացրած 10 խաղում գրանցելով 8 պարտություն և 2 ոչ-ոքի:
Լեմպարդը լիվերպուլյան ակումբը գլխավորում էր 2022-ի հունվարի 31-ից:


