Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոն դառնալուց հետո Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով ու խոսել առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը:
- Ի՞նչ կասես ելույթիդ մասին:
Ընդհանուր գոհ եմ: Ցանկացած մարզիկ նախընտրում է չեմպիոն դառնալ, սակայն այս պահին արդյունքներս գոհացուցիչ են: Ծնկի լուրջ վնասվածք ունեի, իսկ աշխարհի առաջնությանը մասնակեցի B խմբում, ու վատ ելույթից հետո բոլորը մտածում էին, որ պետք է ավարտեմ կարիերաս, սակայն հաշվի չէին առնում վնասվածքները:
- Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար:
- Ցանկանում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին: Բոլորն են հիշում Ռիոյի Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքս, որից հետո, կարելի է ասել, նորից եմ սկսել կարիերաս: Նպատակս Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է:
- Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:
- Նվիրում եմ տղայիս: Եթե նկատեցիք, հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ նրա ձայնը լսվեց, ու ինքս ինձ խոսք տվեցի, որ նրա համար եմ կատարելու այդ մոտեցումը: Ուրախ եմ, որ ստացվեց, և շնորհակալ եմ բոլորիդ:
Հիշեցնենք, որ երկամարտում հայ ծանրորդը գրանցել էր 374 կգ (178+196) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջողությամբ կատարել էր բոլոր՝ երեք մոտեցումները և 178 կգ արդյունքով սահմանել Եվրոպայի ռեկորդ:
Հրում վարժությունում 27-ամյա Կարապետյանը հաջողել էր առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով 190 կգ և 196 կգ, սակայն ձախողել էր երրորդ մոտեցումը, որի համար պատվիրել էր 206 կգ:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր բուլղարացի Կառլոս Նասարը (395 կգ)՝ սահմանելով աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ: Նա ռեկորդակիր է դարձել նաև հրում վարժությունում ցուցադրած 221 կգ արդյունքով: Մոլդովայի ներկայացուցիչ Ռոբու Մարինը զբաղեցրել էր երրորդ տեղը (364 կգ):
Եվրոպայի 2016թ․ չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը ԵԱ-ում երկու անգամ դարձել է նաև բրոնզե մեդալակիր (2015, 2021թթ․), երրորդ տեղն է գրավել նաև 2015թ․ աշխարհի առաջնությունում։
ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները


