Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Անդրե Սպայթ-Մկրտչյանն ու Զարեհ Զարգարյանն անդրադարձել են 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ տուրում Ալբանիայի նկատմամբ 84-79 հաշվով տնային հաղթանակին։
«Մենք պարտավոր էինք հաղթելու միավորների առավել մեծ տարբերությամբ: Երբեք չեմ սիրում պարտվել Հայաստանում, և հիմա ուրախ եմ այս հաղթանակի համար: Ալբանիան շատ լավ խաղ էր ցուցադրում: Շատ մեծ ճնշում էին գործադրում ինձ և Քրիս Ջոնսի վրա: Հստակ գիտեին, թե ինչ պետք է անեն պաշտպանվելիս: Այդուհանդերձ, շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Այս ամենը Հայաստանի ու մեր հիանալի երկրպագուների համար է, որնք այսօր ֆանտաստիկ էին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Անդրե Սպայթ-Մկրտչյանը, որը վաստակել էր 31 միավոր, գրանցել 6 ռեբաունդ և կատարել է 4 ասիստ՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:
«Ի տարբերություն Ալբանիայի ընտրանու, որը հասցրել էր մեզ ուսումնասիրել անցած շաբաթ Ավստրիայի հետ խաղում, մենք այդ հնարավորությունը չէինք ունեցել: Մեզ համար ամեն ինչ նոր էր նրանց կատարմամբ: Կարևորը՝ միասնական էինք ու ցույց տվեցինք այն, ինչ պետք էր: Դաշտի երկու ամենալավ խաղացողները՝ Քրիս Ջոնսն ու Անդրե Սպայթ Մկրտչյանը, մեր թիմում էին. Սա մեծ առավելություն էր: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին՝ շատ էի կարոտել: Սա իմ հայրենիքն է. երբ էլ ինձ կանչեն՝ կգամ: Ճիշտ է՝ արդեն տարիքով եմ, բայց երբ հագնում եմ այս մարզաշապիկը, մեծ հպարտություն եմ զգում: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին հիանալի աջակցության համար: Մեզ շատ էին օգնում»,- ասել է նշել է Զարեհ Զարգարյանը, որը 2016 թվականից հետո առաջին անգամ էր միացել Հայաստանի հավաքականին, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականն օրեր առաջ Վիեննայում մրցել էր Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել 91-106 հաշվով:
Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային:


