Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Միակ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 3-1 հաշվով հաղթեց գերմանացի Կևին Քրիստոֆեր Հենկելին։ Երեկոյան մրցահերթում Անդրեասյանը բրոնզե մեդալը կվիճարկի 2017թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Յակուբաշվիլիի հետ:
Արման Անդրեասյանը պայքարը սկսել էր սեպտեմբերի 15-ին և 1/8 եզրափակիչում մեկնարկել էր իտալացի Ջանլուկա Տալամոյի նկատմամբ 6-2 հաշվով հաղթանակով, սակայն 1/4 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել էր ամերիկացի Զաին Ալեն Ռեթերֆորդին, որը դուրս է եկել եզրափակիչ:
Սեպտեմբերի 16-ին պայքարի մեջ մտած Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում 5-7 հաշվով պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին: Հայ ըմբիշն առավելությունը բաց թողեց վերջին վայրկյաններին և կրեց ցավալի պարտություն: Եթե Վլադիմիր Եգորովը հասնի եզրափակիչ, Խնձրցյանը սեպտեմբերի 17-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա Հրայր Ալիխանյանը (74 կգ), որը որակավորման փուլում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլոգլոյի հետ:
Նախօրեին ելույթն ավարտել էր Արման Ավագյանը (79 կգ), սեպտեմբերի 17-ին պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն (61 կգ) ու աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 8 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր աշխարհի քառակի չեմպիոն, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։


