Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» պաշտպան Էզրի Կոնսան լինելու է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում Գերմանիայում շարունակվող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի Շվեյցարիայի թիմի դեմ խաղում։
The Athletic-ը գրում է, որ Կոնսան պաշտպանության կենտրոնում փոխարինելու է որակազրկված Մարկ Գեհիին, որը 1/8 եզրափակիչի Սլովակիայի դեմ խաղում (2-1) մրցաշարում երկրորդ դեղին քարտն ստացավ։
26-ամյա Կոնսան խոշոր մրցաշարերում առաջին անգամ լինելու է Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում։ Նա Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմում նորամուտը նշել է այս տարվա մարտի 24-ին և մասնակցել է 5 հանդիպման։ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Կոնսան դաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ` Սլովակիայի դեմ վերոնշյալ խաղում։
Հիշեցնենք, որ Անգլիա - Շվեյցարիա հանդիպունը կայանալու է հուլիսի 6-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։


