Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է առնվազն 6 բրոնզե մեդալ՝ հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Քառորդ եզրափակիչում բացահայտ առավելությամբ իրենց մրցակիցներին հաղթել ու կիսաեզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 70 կգ քաշային Լյովա Կիրակոսյանը։
Ընդ որում՝ 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը հունգարացի Ռիչարդ Հորվաթի հետ մենամարտում մրցակցին 3 անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել ժամանակից շուտ։
Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչում են նաև 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 38 կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը։
Օգոստոսի 16-ին և 17-ին ևս 10 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի և առնվազն բրոնզե մեդալ ապահովելու համար։
Հատկանշական է, որ մրցավայր մեկնած Հայաստանի բոլոր բռնցքամարտիկները դուրս են եկել քառորդ եզրափակիչ, ինչը բացառիկ երևույթ է հայկական բռնցքամարտի պատության մեջ։ Փաստացի մրցավայր մեկնած Հայաստանի 17 մարզիկներից 16-ը շարունակում են պայքարը մեդալների համար։
Մրցավայրում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

