«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը:
41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը գնահատվել է 48.6 միլիոն ֆունտ:
Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր ընդհանուր առմամբ 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: Սակայն Ստամը խուսափել է երկու ավելի ծանր մեղադրանքներից:
Ռոնի Ստամը մեղավոր է ճանաչվել 724 կիլոգրամ կոկաինի ու MDMA-ի (էքստազի) շրջանառության և ազոտի օքսիդի (առավել հայտնի է «ծիծաղի գազ» անվանումով) պահպանման համար:
Ստամը սկզբում հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները. «Ես ոչ մի կապ չեմ ունեցել կոկաինի մեծ խմբաքանակների հետ: Դա արել են այդ տղաները, և ես հեռու եմ մնացել»:
Ավելի ուշ, սակայն, Ստամը խոստովանել է, որ մասնակցել է Բրազիլիայից Ֆրանկֆուրտ 20 կիլոգրամ կոկաին մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու դավադրությանը:


