Առաջիկա հանգստյան օրերին մի շարք ուշագրավ հանդիպումներ կանցկացվեն Եվրոպայի թոփ-5 առաջնություններում։ Իսպանիայի Լա լիգայում ու Գերմանիայի Բունդեսլիգայում կհանդիպեն առաջատարները։
VNews-ը ներկայացնում է «Ռեալ» - «Ժիրոնա» ու «Բայեր» - «Բավարիա» հանդիպումների անոնսը։
«Ռեալ» - «Ժիրոնա», Լա լիգա, 24-րդ տուր
Եթե մրցաշրջանից առաջ ինչ-որ մեկն ասեր, որ «Ժիրոնան» Մադրիդի «Ռեալի» գլխավոր մրցակիցն է լինելու Լա լիգայում, համենայն դեպս մինչև գարուն, ապա նրան խելագար կհամարեին: Սակայն արի ու տես, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:
Արդեն 23 տուր է անցել, իսկ կատալոնացիները չեն պոկվում «Արքայական ակումբից», ավելին, «Ժիրոնան» մրցավազքի մեջ է մտել Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբի հետ: Կառլո Անչելոտիի թիմը 58 միավոր ունի և 2 միավորով առաջ է մրցակցից:
Հասկանալի է, որ Միչելի թիմը դժվար թե կրկնի «Լեսթերի» ճանապարհը, բայց այս պահին Լա լիգայի անդերդոգը հաճույք է ստանում:
Մրցաշրջանի գլխավոր դիմակայությանը «Ժիրոնան» վիրավոր է մոտենում: Վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, հանդիպմանը չի մասնակցի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, որն արդեն 14 գոլ է խփել Պրիմերայում: Բայց պատրաստ է Սավիոն: Բրազիլացին թիմի երկրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 5 գոլ և 7 ասիստ:
«Ռեալի» կազմում շատ բան կախված է լինելու Ջուդ Բելինգեմի խաղից: Անգլիացին վնասվածքից հետո այն խելահեղ տեմպը չունի, սակայն նրան մեկ ակնթարթ է հարկավոր ցանկացած դրվագ վճռելու համար:
Երկու թիմերն էլ մեկական պարտություն ունեն, ընդ որում, «Ժիրոնան» այդ պարտությունը կրել է հենց մադրիդյան գրանդից: Առաջին շրջանում Կառլո Անչելոտիի թիմը բավականին հեշտ հաղթանակ տարավ՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը: Սակայն Միչելը տնային պարտությունից հետո դասեր է քաղել ու կփորձի օգտվել նախորդ տուրում մեծ էներգիա ծախսած մրցակցի վիճակից:
Իսկ «Ռեալը» նախորդ տուրում ոչ-ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ: Վերջին շրջանում մադրիդցիները դժվարությամբ են հաղթում: Բայց «Արքայական ակումբն» ավելի թրծված է ու անհրաժեշտության դեպքում միացնում է ինքնապահպանման բնազդը:
«Ժիրոնայի» համար ճշմարտության պահն է, մրցաշրջանի ամենակարևոր ու ամենաբարդ հանդիպումը, որի արդյունքից շատ բան է կախված լինելու:
Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը փետրվարի 10-ին կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում՝ Երևանի ժամանակով 21։30-ից։

«Բայեր» - «Բավարիա», Բունդեսլիգա, 21-րդ տուր
Տեղափոխվենք Գերմանիա, որտեղ հանդիպելու են Բունդեսլիգայի երկու ամենաուժեղ թիմերը:
«Բայերը» շարունակում է հաղթարշավը: Լևերկուզենի թիմն ընթացիկ մրցաշրջանում 30 խաղ անընդմեջ չի պարտվել և «Բավարիայի» հետ դիմակայությանը մոտենում է առաջատարի կարգավիճակում:
Չաբի Ալոնսոյի կոլեկտիվը գավաթային բարդ հանդիպում անցկացրեց «Շտուտգարտի» հետ, իսկ «Բավարիան» վաղուց դուրս է մնացել այդ մրցաշարից և ավելի շատ ժամանակ է ունեցել հանգստանալու համար:
«Բայերը» բարդ շրջան հաղթահարեց ձմեռային արձակուրդից հետո: Վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել Վիկտոր Բոնիֆեյսը, մի շարք առաջատարներ մեկնել էին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, սակայն պատասխանատու պահին թիմակիցներին իր հետևից էր տանում Ֆլորիան Վիրցը: Ճիշտ է, գերմանացի հրաշամանուկն առաջնությունում 5 գոլ է խփել, սակայն շարունակում է փայլել և արդեն 8 ասիստ է կատարել: Հենց Վիրցն է Բայերի» գրոհների գլխավոր ճարտարապետը:
«Բավարիան» չի կարողանում հաղթահարել անկայուն խաղի սինդրոմը: Հոգեբանորեն ազդում է նաև այն, որ «Ռեկորդմեյստերը» չի կարողանում շրջանցել առաջատարին ու ամեն անգամ հնարավորության դեպքում անսպասելիորեն սայթաքում է: Այժմ ճիշտ ժամանակն է հավաքվելու, ավելի լավ շանս այս պահին բարդ է պատկերացնելը:
Հարի Քեյնը շարունակում է գոլեր խփել, սակայն չմոռանանք, որ մյունխենցիների կազմում շատ կարևոր դեր է խաղում նաև Լերոյ Սանեն: «Բավարիայի» վինգերն 8 գոլ և 11 ասիստ ունի իր հաշվին:
Հարցականի տակ է նաև Մանուել Նոյերի մասնակցությունը: Գերմանացի դարպասապահը ծնկի հետ կապված խնդիրներ ունի և մի քանի մարզման չի մասնակցել:
Առայժմ լազարեթում են Ալֆոնսո Դևիսը, Դայո Ուպամեկանոն, Կինգսլի Կոմանը, Յոզուա Կիմիխը, Բունա Սարն ու Սերժ Գնաբրին:
Ալոնսոն տակտիկական ճկունությամբ հիացնում է, բայց մրցաշրջանի ամենաբարդ քննությունը շատ հարցերի պատասխան կտա:
«Բայեր» - «Բավարիա» հանդիպմանը կարող եք հետևել փետրվարի 10-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ից, «Ֆասթ Մեդիայի» OTT հարթակում։



