Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պատմական իրադարձություն տեղի կունենա: Պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց աշխարհի առաջնության խաղը կսպասարկի կին մրցավար, հաղորդում է Bild-ը։
Կոստա-Ռիկա - Գերմանիա E խմբի երրորդ տուրի հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 38-ամյա ֆրանսիացի Ստեֆանի Ֆրապարը:
Ֆրանսուհուն եզրերում կօգնեն բրազիլուհի Նեուզա Բեկը և մեքսիկուհի Կարեն Դիասը: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
ԱԱ-2022-ում Ստեֆենի Ֆրապարը նաև Մեքսիկա - Լեհաստան հանդիպման (0-0) չորրորդ պաշտոնյան էր:
Ֆրապարն արդեն պատմության մեջ է մտել որպես առաջին կին մրցավար Ֆրանսիայի Լիգա 2-ում (2014թ.), Լիգա 1-ում (2019), ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Սուպերգավաթում (2019թ. «Լիվերպուլ» - «Չելսի»), Չեմպիոնների լիգայի խմբային փուլում (2020 թվականից՝ երկու հանդիպում), աշխարհի առաջնության ընտրական փուլում (2021), Եվրոյում (2021, խաղի չորրորդ պաշտոնյա):
Հիշեցնենք, որ E խմբում չորս միավորով առաջատարն Իսպանիան է, ճապոնացիներն ու կոստառիկացիները երեքական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ Գերմանիան վերջինն է՝ մեկ միավոր:


