Logo

Առաջին հաղթանակը Մելիքյանի օրոք, Ռանոսի երկար սպասված գոլը. Հայաստան - Իռլանդիա հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:43 / 10.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում առաջին հաղթանակը տարավ՝ սեփական դաշտում 2-1 հաշվով պարտության մատնելով իռլանդացիներին:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի ազգային հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անդրանիկ հաղթանակը տարավ, որն առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում: Ընդհատվեց հավաքականի առանց հաղթանակների 5 խաղերի շարքը, որի ընթացքում մեր ֆուտբոլիստները 4 անգամ խաղադաշտից պարտված էին հեռացել և միայն Չեռնոգորիայի հետ ընկերական խաղում էին ոչ-ոքի (2-2) գրանցել: Նախորդ հաղթանակը հավաքականը տարել էր անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Ռիգայում՝ Ազգերի լիգայի մրցախաղում 2-1 հաշվով առավելության հասնելով լատվիացիների նկատմամբ:

2. ՀՀ հավաքականը վերջապես ընդհատեց տնային հանդիպումներում կրած 4 անընդմեջ պարտությունների շարքն (Հս. Մակեդոնիա՝ 0-2, Ֆարերներ՝ 0-1, Վրաստան՝ 0-3, Պորտուգալիա` 0-5) ու 408 րոպե տևած գոլային երաշտը: Սեփական դաշտում նախորդ հաղթանակը հավաքականի օգտին գրանցվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին լատվիացիների հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում (4-1): Հետաքրքիր է, որ այդ խաղում վերջին գոլը 86-րդ րոպեին խփել էր Էդուարդ Սպերցյանը:

3. Հայաստանի հավաքականն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց՝ տոնելով 31-րդ հաղթանակը: 32 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 87-ում մեր հավաքականը պարտվել է, խփել է 137 գոլ, բաց է թողել 269 գնդակ:

4. Հայաստանի հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում առաջին 3 միավորը վաստակեց: 2 տուրից հետո հավաքականը լավագույն արդյունքը ցույց է տվել 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեկնարկային երկու խաղերում էլ հաղթելով Լիխտենշտեյնին (1-0) և իսլանդացիներին (2-0):

5. Արդեն 3 տարուց ավելի է, ինչ հավաքականին չի հաջողվում դարպասն անառիկ պահել: Վերջին 33 հանդիպումներում մրցակիցներին մշտապես հաջողվել է խոցել Հայաստանի հավաքականի դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 74 գոլ: Այդ հանդիպումներից միայն 6-ում է հավաքականը հաղթել, 6-ն ավարտել է ոչ-ոքի, 21-ում պարտվել է, որից 7-ը՝ խոշոր հաշվով, խփել է 36 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:

Հետաքրքիր է, որ վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում հենց Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որտեղ դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:

6. Իռլանդացիների հետ անցկացրած 5 հանդիպումներում ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակը տարավ: Առաջինը գրանցվել էր 2022թ. հունիսի 4-ին Երևանում կայացած Ազգերի լիգայի խաղում, որում հավաքականին հաղթանակ էր պարգևել Էդուարդ Սպերցյանի խփած միակ գոլը: Մնացած 3 հանդիպումներում Հայաստանի հավաքականը պարտվել է, խփել է 6 գոլ, բաց է թողել 7 գնդակ:

Գոլերից 3-ի հեղինակն Էդուարդ Սպերցյանն է, մեկական անգամ իռլանդացիների դարպասը գրավել են Հենրիխ Մխիթարյանը, Արտակ Դաշյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը:

7. Հայաստանի հավաքականն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Էդուարդ Սպերցյանը՝ խփելով իր 10-րդ գոլը:

8. Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականում 5-րդ գոլը խփեց: Նրա նորամուտը հավաքականում պարզապես ֆանտաստիկ էր ստացվել: 2023թ. մարտի 28-ին Երևանում Կիպրոսի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում Ռանոսը դուբլի հեղինակ էր դարձել: Նա միակն է, որ նորամուտը հավաքականում դուբլով է նշել:

Հավաքականում անցկացրած իր հաջորդ խաղում՝ 2023թ. հունիսի 16-ին Ուելսի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական արտագնա խաղում Ռանոսը կրկին դուբլ էր ձևակերպել, ինչը ևս բացառիկ ցուցանիշ է հավաքականի ֆուտբոլիստների մեջ:

9. Ռանոսն ընդգրկվեց աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ իռլանդացիների դարպասը գրավելով 22 տարեկան 51 օրականում: Նա ցանկից դուրս թողեց Ռոբերտ Արզումանյանին, որը գոլի հեղինակ էր դարձել 24 տարեկան 78 օրականում՝ 2009թ. գրավելով Իսպանիայի հավաքականի դարպասը:

Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2005թ. հյուսիսմակեդոնացիների դարպասը գրավել է 18 տարեկան 136 օրականում:

10. Օգնյեն Չանչարևիչը հավաքականում հոբելյանական՝ 20-րդ խաղն անցկացրեց: Նա ընդգրկվեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում: Իռլանդացիների հետ մրցավեճում Չանչարևիչը հավաքականի դարպասը պաշտպանեց 35 տարեկան 349 օրականում: Ցանկը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը (39 տարեկան 314 օրական), որին հաջորդում է Ռոման Բերեզովսկին (39 տարեկան 71 օրական):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ