ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին կայացել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ Առաջին խմբի առաջնության արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության արտոնագրային 2023/2024 թթ. մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 9 ակումբներ՝ «Սյունիք ՖԱ», «Միկա ՍԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Գանձասար ՖԱ», «Աղբյուրակ ՖԱ», «Օնոր ՖԱ», «Նիկարմ ՖԱ», «Դովեղ ՖԱ», «Հայասա ՖԱ»։ Վերոնշյալ արտոնագրի ստացումը մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք է ընձեռելու ակումբներին մասնակցել 2023/2024թթ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը:
Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացել են բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ:
Ներկայացված փաստաթղթային փաթեթների հիման վրա ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն հունիսի 6-ին կքննարկի թեկնածու ակումբներին ՀՀ Առաջին խմբի արտոնագրեր շնորհելու հարցը:


