FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնության ամփոփումը և ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է հաջորդ 10 փաստի տեսքով (ՄԱՍ 1):
1. Առաջնությունում գրանցված 500 գոլերի հեղինակներ են դարձել 153 ֆուտբոլիստներ: Գոլերից 11-ը խփվել է սեփական դարպասը: Եթե Խոսե Բուենոն («Արարատ-Արմենիա»), Մարկ Ավետիսյանը (ԲԿՄԱ), Տիմուր Ռուդոսելսկին և Վահրամ Մախսուդյանը (երկուսն էլ՝ «Վեստ Արմենիա»), փյունիկցի Սերգեյ Վակուլենկոն ու Դմիտրի Տիխին («Ուրարտու») միայն ինքնագոլի հեղինակ են դարձել, ապա «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը, Արսեն Եղիազարյանը («Վեստ Արմենիա»), փյունիկցի Միխայիլ Կովալենկոն, «Նոայի» պաշտպան Գոնսալո Սիլվան և արարատցի Մամադու Դումբիան գրավել են թե սեփական և թե մրցակցի դարպասները:
Առաջնության ամենաարդյունավետ թիմի՝ «Նոայի» խփած 92 գոլերը բաշխվել են 20 ֆուտբոլիստների միջև, մեկական գնդակ էլ սեփական դարպասն են խփել Խոսե Բուենոն ու Վահրամ Մախսուդյանը:
Գոլ խփած ֆուտբոլիստների քանակով (19) երկրորդ ցուցանիշը պատկանում է «Ուրարտուին», որի գոլերից 3-ն էլ բաժին են ընկնում մրցակիցների խաղացողներին:
«Փյունիկում» իրենց հաշվին գոլեր են գրանցել թիմի 16 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասն է խփել արարատցի Մամադու Դումբիան:
2. Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ առաջնության գլխավոր ռմբարկու է ճանաչվում «Նոայի» ներկայացուցիչը: Նախորդ առաջնությունում 23 գնդակով ամենաարդյունավետն Արթուր Միրանյանն էր, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ թիմից:
Ավարտված առաջնությունում «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը կհանձնվի «Նոայի» մեկ այլ հարձակվողի՝ Գոնսալու Գրեգորիուին, որն անցկացրած 26 հանդիպումներում 20 գոլի հեղինակ է դարձել: Նրա ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել, եթե դիպուկ իրացներ «Շիրակի» դարպասին կատարած 11մ երկու հարվածները, որոնք հետ էր մղել Դարկո Վուկաշինովիչը: Բացի այդ էլ, որակազրկման պատճառով պորտուգալացի ֆուտբոլիստը չէր մասնակցել վերջնագծում «Նոայի» անցկացրած 3 խաղերին:
Առաջնության աշնանային հատվածում Գրեգորիուն 12 գոլ էր խփել և ընդամենը մեկ գնդակով էր զիջում լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևին, որը ձմռանը հեռացավ թիմից: Ի դեպ, աշնանային հատվածի վերջին խաղում՝ դեկտեմբերի 15-ին «Վեստ Արմենիայի» հետ մրցավեճում, Գոնսալու Գրեգորիուն առաջնության մեկ խաղի արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ դառնալով ֆուտբոլային պոկերի հեղինակ: Պորտուգալացի ֆուտբոլիստին նաև արդյունավետ 5 խաղերի շարք հաջողվեց, որի ընթացքում նա 11 գոլ խփեց:
Առաջնության լավագույն ռմբարկուների եռյակում տեղ զբաղեցրին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Մարիուս Նուբիսին (18 գոլ) և Տենտոն Յենեն (17): Նուբիսին 10 գոլով դարձավ առաջնության գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:
3. Առաջնության լավագույն ռմբարկուների տասնյակում տեղ զբաղեցրին երկու հայ ֆուտբոլիստներ՝ բանակային Արայիկ Էլոյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը, որոնց հաշվին 10-ական գոլ է գրանցված: Էլոյանը գոլերից 4-ը խփել է 11մ հարվածով, իսկ Մելքոնյանի հաշվին բոլոր գոլերը գրանցվել են խաղային իրադրություններից:
Հայ ֆուտբոլիստներից արդյունավետ խաղով աչքի ընկան նաև 8 գոլ խփած ալաշկերտցի Սարգիս Մեթոյանն ու 7-ական գոլի հեղինակներ դարձած Կարեն Նալբանդյանը («Վան») և բանակային Միսակ Հակոբյանը:
Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը Հովհաննես Հարությունյանն էր, որը «Փյունիկում» 12 գոլ էր խփել: Գոլերից 7-ը նրա օգտին գրանցվել էր 11մ հարվածներն իրացնելիս:
4. Առաջնությունում գրանցված 8 հեթ-տրիկներից առաջինի հեղինակը «Վանի» լեգեոնական Ջոն Բատիգին էր, որն օգոստոսի 31-ին 3 գոլ էր խփել «Վեստ Արմենիայի» դարպասը: Յուրօրինակ ռեկորդակիրն «Արարատ-Արմենիայի» hարձակվող Մարիուս Նուբիսին է, որին 3 անգամ հաջողվել է մեկ խաղում 3 գոլ խփել: Իրենց օգտին մեկական հեթ-տրիկ են գրանցել փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն, «Նոայի» ֆուտբոլիստ Էրալդ Չինարին և «Ուրարտուի» խաղացողներ Բրունո Միշելն ու Կարեն Մելքոնյանը:
5. Առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը «Շիրակի» 38-ամյա ավագ Հրայր Մկոյանն է: Մայիսի 17-ին «Գանձասարի» հետ կայացած շիրակցիների վերջին խաղում Մկոյանը 38 տարեկան 257 օրական էր: Նա հայկական 7 թիմերի կազմում ընդհանուր առմամբ 379 խաղ է անցկացրել, ինչը 4-րդ ցուցանիշն է Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում: Մկոյանը ներկայումս գործող ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է:
Առաջնության ամենաերիտասարդ մասնակիցները 16-ամյա շիրակցի Ալբերտ Գարեգինյանն ու փյունիկցի Ժիրայր Աշիկյանն են: Գարեգինյանը «Շիրակի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում առաջին խաղն անցկացրել էր 15 տարեկան 288 օրականում՝ օգոստոսի 17-ին «Արարատի» հետ կայացած մրցավեճի 88-րդ րոպեին փոխարինելով Մորի Կոնեին:
Ժիրայր Աշիկյանը նոյեմբերի 7-ին իր ծննդյան 16-ամյակի օրն էր «Գանձասարի» հետ խաղում նորամուտը նշել Fastex Պրեմիեր լիգայում՝ 73-րդ րոպեին փոխարինելով Արտակ Գրիգորյանին:
6. Արտակ Գրիգորյանն առաջնությունում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է: Նոյեմբերի 7-ին նա «Գանձասարի» դարպասը գրավել էր 37 տարեկան 19 օրականում: Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին «Վանի» հետ առաջնության 10-րդ տուրի մրցավեճում Արտակ Գրիգորյանը պատմական նվաճման էր հասել՝ դառնալով 21-րդ դարում Fastex Պրեմիեր լիգայում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը: Դեկտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ մրցավեճը Fastex Պրեմիեր լիգայում վերջին՝ 404-րդ խաղն էր ֆուտբոլային կարիերան ավարտած փորձառու ֆուտբոլիստի համար:
Առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Զավեն Խուդավերդյանն է: «Նոայի» ֆուտբոլիստը դեկտեմբերի 8-ին «Գանձասարի» դարպասը գրավել էր 17 տարեկան 176 օրականում:
7. Մասնակից 11 թիմերի դարպասն ընդհանուր առմամբ պաշտպանեցին 27 դարպասապահներ: Նրանցից 4-ը՝ Հենրի Ավագյանը («Փյունիկ», «Արարատ-Արմենիա»), Արսեն Բեգլարյանը («Արարատ-Արմենիա», «Վան»), Անատոլի Այվազովը ( «Վեստ Արմենիա», «Վան») և Հայկ Ղազարյանը («Ուրարտու», ԲԿՄԱ) պաշտպանել են երկուական թիմերի դարպասները:
«Ալաշկերտում», «Շիրակում» և ԲԿՄԱ-ում դարպասի պաշտպանությունը վստահվել էր 2-ական դարպասապահի, «Վեստ Արմենիայում»՝ 4: Մնացած 7 թիմերի դարպասը պաշտպանել են 3-ական դարպասապահներ:
Առավել հաճախ՝ 10-ական անգամ դարպասն անառիկ են պահել «Նոայի» դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին ու Հենրի Ավագյանը (6-ը՝ «Փյունիկում», 4-ը՝ «Արարատ-Արմենիայում»): Ալեքսանդր Մելիխովը («Ուրարտու») 8 «չոր» խաղ է անցկացրել, Դանիիլ Պոլյանսկին («Վան»), Դանիլո Կուչերն («Արարատ-Արմենիա») ու շիրակցի Դարկո Վուկաշինովիչը 7-ական խաղում գոլ բաց չեն թողել:
8. Ալեքսեյ Պլոշադնին առաջնության ամենահուսալի դարպասապահն է, որն անցկացրած 13 խաղերում ընդամենը 3 գոլ է բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 0,23 գոլ), որից մեկը՝ 11մ հարվածով: Պլոշադնին անխոցելիության գործակցով ՀՀ առաջնություններում պատմական ռեկորդի հեղինակ դարձավ՝ գերազանցելով «Փյունիկի» նախկին դարպասապահ Արմեն Ավագյանի ցուցանիշը: Վերջինս 1996/97թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում 0,29 գոլ էր բաց թողել (5 գոլ 17 խաղում):
Իր անցկացրած 6 անընդմեջ հանդիպումներում Պլոշադնին գոլ բաց չթողեց՝ դարպասը 616 րոպե շարունակ պահելով անառիկ: Այդ ցուցանիշով «Նոայի» դարպասապահը ևս լավագույնն է առաջնությունում:
Նա դարձավ Հայաստանի առաջնություններում 600 և ավելի րոպե դարպասն անընդմեջ անառիկ պահած ընդամենը 8-րդ դարպասապահը: Ռեկորդակիրը նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է, որը 755 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:
Առաջնության աշնանային հատվածում 20-ամյա Պլոշադնին տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
«Արարատ-Արմենիայի» 27-ամյա դարպասապահ Դանիլո Կուչերն էլ 380 րոպե շարունակ անառիկ պահելով դարպասը՝ գերազանցել էր Անդրիա Դրագոևիչի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2018թ. «Փյունիկի» դարպասը 379 րոպե շարունակ անառիկ էր պահել, ինչը լավագույն ցուցանիշն էր 27-ամյա այլազգի դարպասապահների մեջ:
9. Առաջնության 159 հանդիպումներում մրցավարները 45 անգամ ֆուտբոլիստներին հեռացրել են խաղադաշտից, 697 անգամ էլ դեղին քարտ են ցույց տվել: Թիմերից ոչ մեկին չի հաջողվել խուսափել կարմիր քարտից: «Շիրակի» ֆուտբոլիստները միայն մեկ անգամ են հեռացվել խաղադաշտից:
Բոլորից քիչ քարտեր է ստացել «Արարատը», որի ֆուտբոլիստները 56 անգամ զգուշացվել են, 4 անգամ էլ հեռացվել են խաղադաշտից: 2-րդ տեղում «Փյունիկն» է՝ 62 քարտ (60 դեղին, 2 կարմիր քարտ), որին հաջորդում են 63-ական քարտի արժանացած «Ալաշկերտը» (57 դեղին, 6 կարմիր քարտ) և «Գանձասարը» (59 դեղին, 4 կարմիր քարտ):
Կարգապահական խախտումների քանակով ռեկորդակիրը «Շիրակն» է, որի ֆուտբոլիստները 78 անգամ զգուշացվել են, մեկ անգամ հեռացվել են խաղադաշտից: 77 քարտի է արժանացել «Վեստ Արմենիան» (72 դեղին, 5 կարմիր քարտ), որը մյուս թիմերից բոլորից քիչ՝ ընդամենը 25 խաղ է անցկացրել: Հաջորդ վատագույն արդյունքն ունի «Վանը»՝ 72 քարտ (68 դեղին, 4 կարմիր քարտ):
10. Կարմիր քարտերի քանակով յուրօրինակ տխուր ռեկորդ են սահմանել «Ալաշկերտն» ու ԲԿՄԱ-ն, որոնց 6-ական ֆուտբոլիստներ հեռացվել են խաղադաշտից: 5-ական կարմիր քարտ են ստացել «Ուրարտուի» և «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները:
«Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը, ալաշկերտցի Արմեն Մանուչարյանը, բանակայիններ Արգիշտի Պետրոսյանն ու Էդիկ Վարդանյանը 2-ական անգամ հեռացվել են խաղադաշտից:
Ստացած քարտերի քանակով (12) ռեկորդակիրն արարատցի Մուսա Կանտեն է, որը մեկ անգամ հեռացվել է խաղադաշտից, 11 անգամ զգուշացվել է: «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ժոաո Կեյրուշը (9 դեղին, 1 կարմիր քարտ), «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը (8 դեղին, 2 կարմիր քարտ) և գանձասարցի Բերտրան Մանին (10 դեղին քարտ) 10-ական քարտերի են արժանացել: