Logo

Առաջնության ռեկորդային ցուցանիշներն ու ամենահայկական թիմը. Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը՝ 10 փաստով (մաս 1-ին)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:48 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Դեկտեմբերի 15-ին «Նոա» - «Վեստ Արմենիա» հանդիպումով վերջնագիծը հատեց Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը: 

FastNews-ը սկսում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի ամփոփումը և ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում խաղացանկով նախատեսված 95 հանդիպումներից կայացան 93-ը: «Վեստ Արմենիան» չներկայացավ «Փյունիկի» հետ 17-րդ տուրի հանդիպմանը, որի համար թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց: Իսկ 19-րդ տուրի «Նոա»-ԲԿՄԱ հանդիպումը հետաձգվել է:

Առաջնությունում կայացած 93 հանդիպումներից 41-ում հաղթել են դաշտի տերերը, 40-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 12 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Առաջնության 93 հանդիպումներում գրանցվել է 284 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,05 գոլ): Գոլերից 3-ը, որոնք խփվել էին «Ուրարտու»-«Վեստ Արմենիա» (1-2) խաղում, չեղարկվել են: Լեգեոնականների լիմիտը խախտելու պատճառով հանդիպման արդյունքը չեղարկվել էր և «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել:

Ամենաարդյունավետը 3-րդ և 11-րդ տուրերն էին, որոնցում կայացած 5 հանդիպումներում 24 գոլ խփվեց (միջինը մեկ խաղում՝ 4,8 գոլ): Ամենասակավագոլը 13-րդ տուրն էր, որում ընդամենը 6 անգամ դարպասի գրավում արձանագրվեց:

2. Առաջնության աշնանային հատվածի հաղթող ճանաչվեց «Նոան»՝ 16 հանդիպումներում վաստակելով 40 միավոր (13 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 53-10), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում «Նոան» 2-րդ տեղում էր, 20 հանդիպումներում վաստակել էր 42 միավոր (14 հաղթանակ, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 43-19), ինչը հնարավոր միավորների 70 տոկոսն էր: Իսկ առաջատարը «Փյունիկն» էր՝ 20 հանդիպումներում վաստակելով 48 միավոր (14 հաղթանակ, 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլեր՝ 51-14), ինչը հնարավոր միավորների 80 տոկոսն էր:

 

3. «Նոան» առաջնության ամենաարդյունավետ թիմն է (53 խփած գոլ), որը նաև ամենահուսալի պաշտպանությունն ունի (10 բաց թողած գոլ): Հայաստանի փոխչեմպիոնը միակն է, որ անցկացրած բոլոր հանդիպումներում էլ գրավել է մրցակիցների դարպասները: «Ուրարտուն» գոլ չի խփել միայն մեկ խաղում՝ «Փյունիկի» հետ մրցավեճն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Առավել հաճախ՝ 8-ական անգամ դարպասն անառիկ են պահել «Նոան», «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»:

«Նոան» առաջնության վերջին 10 հանդիպումներում էլ հաղթել է մրցակիցներին՝ ցույց տալով լավագույն արդյունքը: «Փյունիկը» 7 անընդմեջ հաղթանակ է տարել:

4. «Գանձասարը» միակ թիմն է, որն անցկացրած 17 հանդիպումներում դեռ հաղթանակ չի տարել՝ միայն 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Թիմը 6 անընդմեջ պարտություն է կրել, ընդամենը մեկ խաղում է («Շիրակ»՝ 0-0) դարպասն անառիկ պահել, փոխարենը բոլորից շատ՝ 12 խաղում գոլ չի խփել: Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմն ամենացածր արդյունավետությունն ունի (6 գոլ) և բոլորից շատ գոլ է բաց թողել (49):

Տխուր ռեկորդի հեղինակ է «Արարատը»՝ կրելով 7 անընդմեջ պարտություն: Առաջնության վերջին 11 հանդիպումներում արարատցիները հաղթանակ չեն տարել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: «Արարատը» նաև 479 րոպե շարունակ գոլ չի խփել:

 

Ամենաերկար գոլային երաշտը գրանցվել է «Գանձասարում»: Կապանցիները 7 խաղ շարունակ, 764 րոպե անընդմեջ չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Երկրորդ վատագույն արդյունքը «Շիրակինն» է՝ 5 խաղ, 531 րոպե:

5. Առաջնության հանդիպումներում գրանցվել է խոշոր հաշվով 23 հաղթանակ, որոնք տարել են միայն 6 թիմերը: Ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է «Նոան»՝ դեկտեմբերի 8-ին անցկացրած խաղում 7 անպատասխան գնդակ ուղարկելով «Գանձասարի» դարպասը: Հենց «Նոան» էլ բոլորից հաճախ՝ 7 անգամ հաղթել է խոշոր հաշվով: «Արարատ- Արմենիայի» օգտին այդ կարգի 5 հաղթանակ է գրանցվել, «Վանի» օգտին՝ 4: 3 անգամ խոշոր հաշվով հաղթել է «Փյունիկը», 2-ական անգամ՝ «Ուրարտուն» և ԲԿՄԱ-ն:

Առավել հաճախ՝ 7 անգամ խոշոր հաշվով պարտվել է «Գանձասարը»: Նման 4 պարտություն ունեն «Արարատն» ու «Վեստ Արմենիան», 3-ական՝ «Ալաշկերտն» ու «Շիրակը»: ԲԿՄԱ-ն ու «Վանը» մեկական անգամ են խոշոր հաշվով պարտվել:

6. Առաջնության հանդիպումներում նշանակվել է 11մ 45 հարված, որից դիպուկ է իրացվել 36-ը: Առավել հաճախ՝ 13 անգամ 11մ հարված է նշանակվել «Արարատ- Արմենիայի» մասնակցությամբ կայացած հանդիպումներում, որից իրացվել է 9-ը: Իսկ ահա «Նոայի», «Ուրարտուի», «Վեստ Արմենիայի» և «Շիրակի» մասնակցությամբ կայացած հանդիպումներում մրցավարներն ընդամենը 5-ական անգամ են 11մ նշակետը ցույց տվել:

Առավել հաճախ՝ 8 անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել «Փյունիկը»՝ դիպուկ իրացնելով 7-ը: «Արարատ- Արմենիայի» օգտին նշանակված 11մ 7 հարվածներից 5-ն ավարտվել է դարպասի գրավմամբ:

«Ուրարտուն», «Շիրակն» ու «Վանն» ընդամենը 2-ական անգամ են 11մ հարված կատարել՝ գրավելով մրցակիցների դարպասը:

Առավել հաճախ 11մ հարված է նշանակվել ԲԿՄԱ-ի (7 անգամ, իրացվել է 5-ը), «Արարատ-Արմենիայի» (6 անգամ, իրացվել է 4-ը) և «Գանձասարի» (6 անգամ, իրացվել է 6-ը) դարպասներին:

Իսկ ահա «Նոան» և «Վեստ Արմենիան» ընդամենը 2-ական անգամ են պատժվել 11մ հարվածով:

7. Ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 4 անգամ 11մ հարված է կատարել փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն: Նրա հարվածներից 3-ն ավարտվել է դարպասի գրավմամբ, իսկ «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին հետ է մղել գնդակը:

 

11մ բոլոր 3 հարվածներն էլ դիպուկ են իրացրել արարատցի Մուսա Կանտեն, «Վեստ Արմենիայի» հարձակվող Զախար Տարասենկոն և ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արայիկ Էլոյանը:

Բոլորից վատ 11մ հարվածներն իրացրել են «Գանձասարի» ֆուտբոլիստները՝ 4 հարվածներից նպատակին հասցնելով ընդամենը մեկը: Դիպուկ է գտնվել միայն Ուսման Ֆայեն, իսկ Սարգիս Շահինյանը, Բերտրան Մանին ու Աշոտ Քոչարյանը չեն կարողացել հաղթող դուրս գալ դարպասապահների հետ մենամարտում:

8. Դարպասապահներից առավել աչքի է ընկել բանակային Արման Ներսեսյանը՝ հետ մղելով Արթուր Սերոբյանի և Աշոտ Քոչարյանի 11մ հարվածները:

Մեկական անգամ 11մ հարվածը հետ են մղել փյունիկցիներ Ստանիսլավ Բուչնևն ու Հենրի Ավագյանը, ալաշկերտցի Գոռ Մանուկյանը, Դանիլո Կուչերը («Արարատ-Արմենիա»), Ալեքսանդր Մելիխովը («Ուրարտու») և Դանիիլ Պոլյանսկին («Վան»):

Արսեն Բեգլարյանի («Արարատ-Արմենիա») դարպասին կատարված 11մ 3 հարվածներից մեկը հետ է մղվել դարպասաձողից:

9. Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 93 հանդիպումներում 11 թիմերի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 281 ֆուտբոլիստներ, որոնցից 154-ն ազգությամբ հայ են: Արթուր Քարտաշյանն («Ալաշկերտ», «Վեստ Արմենիա») ու Միշել Այվազյանն («Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ) ընթացիկ առաջնությունում խաղացել են 2 թիմի կազմում:

 

Եթե հաշվի չառնենք ամբողջությամբ հայերով համալրված ԲԿՄԱ-ում հանդես եկած 24 ֆուտբոլիստներին, ապա մնացած 10 թիմերում հայերի թիվը 130 է: Նրանցից 44-ը մասնակցել են ընդամենը 1-5 խաղի: Ստացվում է, որ 10 թիմերի կազմերում բավարար խաղաժամանակ են ստացել ընդամենը 86 հայ ֆուտբոլիստներ, ինչը չի կարող գոհացուցիչ լինել:

ԲԿՄԱ-ից հետո ամենամեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղադաշտ են դուրս եկել «Շիրակում» (19) և «Ալաշկերտում» (18): Ընդ որում շիրակցիներից 8-ը և ալաշկերտցիներից 3-ը մասնակցել են ընդամենը 1-5 խաղի: «Գանձասարում» խաղացած 16 հայերից 11-ն է բավարար խաղաժամանակ ստացել:

Ամենաքիչ թվով հայ ֆուտբոլիստներ խաղացել են «Նոայում» (7) և «Վանում» (8), որոնց կազմերում միայն մեկական հայեր են 1-5 խաղի մասնակցել: Թեև «Փյունիկում» ընդհանուր առմամբ 14 հայ ֆուտբոլիստ է խաղադաշտ դուրս եկել, սակայն նրանցից միայն 5-ն են բավարար խաղաժամանակ ստացել:

10. Այլազգի ֆուտբոլիստների քանակով (18-ական) յուրօրինակ ռեկորդակիրներն են «Փյունիկն» ու «Նոան», որոնց հաջորդում է «Արարատը» (14 լեգեոնական): Իսկ ահա «Շիրակում» ընդամենը 6 լեգեոնական է խաղացել:

 

«Փյունիկը» խաղադաշտ է դուրս բերել բոլորից շատ՝ 32 ֆուտբոլիստի: «Ալաշկերտում» և «Վեստ Արմենիայում» խաղացել են համապատասխանաբար 29 և 28 ֆուտբոլիստներ:

Ամենակայուն կազմով աչքի են ընկել «Վանն» (20 ֆուտբոլիստ) ու «Արարատ-Արմենիան» (22): «Ուրարտուն» և ԲԿՄԱ-ն ասպարեզ են դուրս բերել 24-ական ֆուտբոլիստի:

26 ֆուտբոլիստներ մասնակցել են իրենց թիմերի անցկացրած բոլոր հանդիպումներին: Նրանցից 7-ը ներկայացնում են ԲԿՄԱ-ն: Միայն 3 ֆուտբոլիստներ՝ շիրակցի Ալեքսա Վիդիչը, բանակային Արման Ներսեսյանը և «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին են առանց փոխարինման մասնակցել բոլոր հանդիպումներին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա