Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, որոնք իրենց առաջին քայլերն են կատարում պրոֆեսիոնալ ռինգում, այսօր հերթական հաղթանակներն են գրանցել, տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Արամ Ավագյանն արդեն 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցին ընդունել պարտությունը, իսկ Նարեկ Աբգարյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հակառակորդին: Սա Արամ Ավագյանի 2-րդ, և Նարեկ Աբգարյանի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Հիշեցնենք՝ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում նոկաուտի էր ենթարկել ուզբեկ բռնցքամարտիկին, 26-ամյա մարզիկը իր 2-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալների պայքարում տարել էր ռուս Անտոն Մեժուևի նկատմամբ:
Իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը իր անդրանիկ հաղթանակը տոնել էր Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիի հետ մենամարտում:
Նշենք, որ հայ բռնցքամարտիկները պետք է որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացնեն պրոֆեսիոնալ ռինգում, որոնք, իրենց հերթին, պետք է գնահատվեն փորձագետների կողմից: Ըստ այդ գնահատականների՝ կորոշվի, թե որ վարկածում են շարունակելու իրենց ելույթները:

