Logo

«Արարատ-Արմենիան» անպարտելի էր սեփական դաշտում, «Ուրարտուն»՝ արտագնա խաղերում. Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը՝ 10 փաստով (մաս 1-ին)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:15 / 08.12.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Դեկտեմբերի 6-ին «Նոա» - ԲԿՄԱ հանդիպումով վերջնագիծը հատեց Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը:

FastNews-ը սկսում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի ամփոփումը և ամենաուշագրավ իրադարձությունների առաջին մասը ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում խաղացանկով նախատեսված 75 հանդիպումներից կայացան 74-ը: 13-րդ տուրի «Փյունիկ» - «Նոա» հանդիպումը հետաձգվել է:

Առաջնությունում կայացած 74 հանդիպումներից 33-ում հաղթել են դաշտի տերերը, 22-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 19 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Առաջնության 74 հանդիպումներում գրանցվել է 188 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,54 գոլ): Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ առաջնության միջին արդյունավետությունը նվազել է: 2024/25թթ. առաջնության աշնանային հատվածի 93 հանդիպումներում գրանցվել էր 284 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,05 գոլ):

Ամենաարդյունավետը 6-րդ և 7-րդ տուրերն էին, որոնցում կայացած 5 հանդիպումներում 20-ական գոլ խփվեց (միջինը մեկ խաղում՝ 4 գոլ): Ամենասակավագոլը 4-րդ տուրն էր, որում ընդամենը 7 անգամ դարպասի գրավում արձանագրվեց (միջինը մեկ խաղում՝ 1,4 գոլ):

2. Առաջնության աշնանային հատվածի հաղթող ճանաչվեց «Արարատ-Արմենիան»՝ 15 հանդիպումներում վաստակելով 34 միավոր (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 27-15), ինչը հնարավոր միավորների 75,5 տոկոսն է:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում «Արարատ-Արմենիան» 17 հանդիպումներում վաստակած 35 միավորով 2-րդ տեղում էր: Իսկ առաջատարը «Նոան» էր՝ 16 հանդիպումներում վաստակելով 40 միավոր:

3. Սեփական դաշտում առավել հաջող հանդես եկավ «Արարատ-Արմենիան»՝ 7 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլեր՝ 16-8), ինչը հնարավոր միավորների 80,9 տոկոսն է: «Արարատ-Արմենիան» միակ թիմն է, որը սեփական դաշտում անպարտելի է:

Տնային հանդիպումներում նույնքան միավոր է գրանցվել նաև «Նոայի» հաշվին, սակայն գործող չեմպիոնը 9 խաղ է անցկացրել: Դա հնարավոր միավորների 62,9 տոկոսն է:

Առաջնության հետնապահ «Արարատը» բոլորից վատ է խաղացել սեփական դաշտում՝ 7 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր (հնարավոր միավորների 9,5 տոկոսը):

4. Հյուրընկալվելիս լավագույն արդյունքը ցույց է տվել «Ուրարտուն»՝ 8 հանդիպումներում վաստակելով 18 միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլեր՝ 10-3), ինչը հնարավոր միավորների 75 տոկոսն է: «Ուրարտուն» միակ թիմն է, որը մրցակիցների դաշտում չի պարտվել:

Արտագնա խաղերում վատագույն ցուցանիշն ունեն «Արարատն» ու «Գանձասարը», որոնք անցկացրած 8 հանդիպումներում ընդամենը մեկական միավոր են վաստակել:

5. «Արարատ-Արմենիան» առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ թիմն է՝ 15 հանդիպումներում խփելով 27 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ):

Ամենահուսալի պաշտպանությունն ունի «Ուրարտուն»՝ 8 բաց թողած գոլ 15 հանդիպումներում (միջինը մեկ խաղում՝ 0,53 գոլ): Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն ունի նաև խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը՝ +17 (25-8):

Ամենացածր արդյունավետությունն ունեն «Գանձասարը» (6 գոլ, միջինը մեկ խաղում՝ 0,4 գոլ) և «Արարատը» (8 գոլ, միջինը մեկ խաղում՝ 0,53 գոլ):

«Փյունիկն» անցկացրած 14 հանդիպումներից միայն մեկում գոլ չի խփել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ:

«Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» միայն երկուական անգամ չեն գրավել մրցակիցների դարպասները, «Ուրարտուն» 3 խաղում է խաղադաշտից առանց գոլ խփելու հեռացել: Իսկ ահա արարատցիներն ընդամենը 5 խաղում են գտել մրցակիցների դարպասի բանալին, «Գանձասարն» էլ միայն 6 խաղում է գոլ խփել:

Առավել հաճախ՝ 9 անգամ դարպասն անառիկ է պահել «Ուրարտուն»: «Նոան», «Փյունիկն» ու «Ալաշկերտը» 6-ական խաղում գոլ բաց չեն թողել: Իսկ ահա «Արարատը» միայն «Շիրակի» հետ մրցավեճում է դարպասն անառիկ պահել՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի: Շիրակցիներն էլ միայն 3 խաղում գոլ բաց չեն թողել:

6. «Արարատ-Արմենիան» առաջնության մեկնարկային 13 հանդիպումներում անպարտելի էր: «Ուրարտուն» էլ առաջնության վերջին 9 հանդիպումներում չի պարտվել:

Իսկ ահա «Արարատը» 7 անընդմեջ պարտություն է կրել, «Գանձասարն» էլ 5 խաղ շարունակ խաղադաշտից պարտված է հեռացել:

Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» 5 անընդմեջ հաղթանակ է տոնել, «Արարատ-Արմենիան» էլ հաղթական 4 խաղերի շարք է գրանցել:

«Արարատը» միակ թիմն է, որն անցկացրած 15 հանդիպումներում դեռ հաղթանակ չի տարել՝ միայն 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: ՀՀ առաջնություններում արարատցիների առանց հաղթանակների տխուր շարքը հասել է 18-ի: Վերջին անգամ «Արարատը» հաղթանակի բերկրանքը վայելել է մայիսի 8-ին՝ սեփական դաշտում 2-1 հաշվով պարտության մատնելով «Վանին»: «Արարատը» նաև 463 րոպե շարունակ գոլ չի խփել: Իսկ ամենաերկար գոլային երաշտը գրանցվել է «Գանձասարում»: Կապանցիները 5 խաղ շարունակ, 568 րոպե անընդմեջ չեն գտել մրցակիցների դարպասի բանալին:

7. Առաջնության աշնանային հատվածի հանդիպումներում գրանցվել է խոշոր հաշվով 9 հաղթանակ, որոնք տարել են միայն 6 թիմերը: Ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է «Ուրարտուն»՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը:

«Նոան» բոլորից հաճախ՝ 3 անգամ է հաղթել խոշոր հաշվով: «Ուրարտուի» օգտին այդ կարգի 2 հաղթանակ է գրանցվել: Խոշոր հաշվով մեկական հաղթանակ են տոնել «Արարատ- Արմենիան», «Փյունիկը», «Ալաշկերտը» և ԲԿՄԱ-ն:

Առավել հաճախ՝ 4 անգամ խոշոր հաշվով պարտվել է «Արարատը», 3 անգամ՝ «Շիրակը»: Մեկական անգամ նման պարտություն են կրել «Վանը» և «Գանձասարը»:

8. Առաջնության աշնանային հատվածի հանդիպումներում նշանակվել է 11մ 39 հարված, որից դիպուկ է իրացվել 27-ը: Առավել հաճախ՝ 11 անգամ 11մ հարված է նշանակվել «Ալաշկերտի» (իրացվել է 9-ը) և «Վանի» (իրացվել է 8-ը) մասնակցությամբ կայացած հանդիպումներում:

Իսկ ահա «Փյունիկի» և «Գանձասարի» մասնակցությամբ կայացած հանդիպումներում մրցավարներն ընդամենը 3-ական անգամ են 11մ նշակետը ցույց տվել: Եթե փյունիկցիների խաղերում բոլոր հարվածներն էլ իրացվել են, ապա «Գանձասարի» հանդիպումներում դարպասի գրավում չի արձանագրվել:

Առավել հաճախ՝ 8 անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել «Ալաշկերտը»՝ դիպուկ իրացնելով 6-ը: «Վանի» օգտին նշանակված 11մ 7 հարվածներից 5-ն ավարտվել է դարպասի գրավմամբ:

«Փյունիկն» ու «Արարատն» ընդամենը մեկական անգամ են 11մ հարված կատարել: Փյունիկցիները դիպուկ են գտնվել, իսկ «Արարատին» չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: «Գանձասարն» էլ անհաջող է իրացրել իր օգտին նշանակված 11մ երկու հարվածներն էլ:

Առավել հաճախ՝ 6 անգամ 11մ հարված է նշանակվել ԲԿՄԱ-ի (իրացվել է 5-ը) և «Արարատի» (իրացվել է 4-ը) դարպասներին: «Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» 5 անգամ են պատժվել 11մ հարվածով: Իսկ ահա «Գանձասարի» դարպասին ընդամենը մեկ 11մ հարված է նշանակվել, որը չի իրացվել: «Փյունիկի» դարպասին նշանակված 11մ երկու հարվածներն էլ դիպուկ են եղել:

9. Ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 6 անգամ 11մ հարված է կատարել ալաշկերտցի Կարեն Նալբանդյանը: Առաջին 5 հարվածները նա դիպուկ է իրացրել, իսկ 6-րդը հետ է մղել «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը:

Բրունո Միշելի 4 հարվածներից 3-ն ավարտվել է դարպասի գրավմամբ: 11մ բոլոր 3 հարվածներն էլ դիպուկ են իրացրել շիրակցի Ռաֆիկ Միսակյանը և բանակային Նարեկ Հովհաննիսյանը:

Իսկ ահա գանձասարցի Պետրոս Ավետիսյանը 2 անգամ էլ 11մ նշակետից շեղ է հարվածել:

10. Դարպասապահներից առավել աչքի է ընկել արարատցի Անզիմատի Աբուդուն՝ հետ մղելով Արայիկ Էլոյանի և Լյովա Մրյանի 11մ հարվածները: Սակայն վերջիններս երկրորդ հարվածով գնդակն ուղարկել են ցանցը: «Նոայի» դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն էլ թեև հետ էր մղել ալաշկերտցի Մոմո Տուրեի հարվածը, սակայն վերջինս երկրորդ հարվածով գրավել էր դարպասը:

Մեկական անգամ 11մ հարվածը հետ են մղել շիրակցիներ Սոկրատ Հովհաննիսյանն ու Լյովա Կարապետյանը, Գոռ Մատինյանն ու Ալեքսանդր Միշիևը (երկուսն էլ՝ «Ուրարտու») և Օգնյեն Չանչարևիչը («Նոա»):

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ