Առաջնության 14-րդ տուրի հանդիպումներից հետո «Արարատ-Արմենիան» միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ չեմպիոնի տիտղոսի մյուս հավակնորդները բավարարվեցին մեկական միավորով:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրընկալվելիս միակ հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիան»: Առաջնությունում անցկացված 67 հանդիպումներում դաշտի տերերը 30 հաղթանակ են տարել, 17 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 20 անգամ հաջողության են հասել հյուրերը:
5 խաղում խփվեց 15 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ), որից 8-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 67 հանդիպումներում 173 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,58 գոլ):

2. «Արարատ-Արմենիան» շարունակեց առաջնության մեկնարկից իր անպարտելի 13 խաղերի շարքը՝ ընթացիկ մրցաշրջանում 2-րդ անգամ հաղթելով «Արարատին»: Հայաստանի առաջնություններում «Արարատ-Արմենիայի» անպարտելի խաղերի ամենաերկար շարքը գրանցվել է 2022/23թթ. մրցաշրջանում:
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թիմը 11-28-րդ տուրերում 18 խաղ շարունակ չէր պարտվել՝ տանելով 13 հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ այդ շարքին նախորդած և հաջորդած երկու պարտություններն էլ «Արարատ-Արմենիան» կրել էր «Փյունիկից» (1-2, 1-4):
3. Արդեն 4 տարուց ավելի է, ինչ «Արարատին» չի հաջողվում առաջնությունում հաղթել «Արարատ-Արմենիային»: Մրցակիցների միջև կայացած վերջին 18 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 2 խաղ են ավարտել ոչ-ոքի:
Ընդ որում նախորդ մրցաշրջանի 2-րդ շրջանի խաղն ավարտելով ոչ-ոքի, «Արարատն» ընդհատել էր առաջնության նախորդ 13 խաղերում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունների շարքը: Իսկ վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:
«Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 463 րոպե տևած գոլային երաշտը, երբ 89-րդ րոպեին Յայա Սոգոդոգոն գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Հետաքրքիր է, որ նախորդ գոլը կրկին խփել էր Սոգոդոգոն հոկտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղի 75-րդ րոպեին:

4. Առաջնության վերջին 5 խաղերում «Նոան» 3-րդ ոչ-ոքին գրանցեց՝ միակ հաղթանակը տանելով «Արարատի» նկատմամբ՝ 3-0: «Ալաշկերտի» հետ առաջնության վերջին 3 խաղերում չեմպիոնն ընդամենը մեկ միավոր է վաստակել:
5. Արմեն Համբարձումյանը Fastex Պրեմիեր լիգայում 17-րդ գոլը խփեց և ընդգրկվեց պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 47 գնդակով գլխավորում է Տենտոն Յենեն:
Համբարձումյանը նաև ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Արարատի» դարպասը գրավելով 31 տարեկան 224 օրականում: Նա ցանկից դուրս մղեց Ալեմաոյին, որն աչքի էր ընկել 31 տարեկան 115 օրականում:
6. Հրայր Մկոյանը ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ավելացված ժամանակում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, կրկին հաղթանակ պարգևեց «Վանին»: Նոյեմբերի 2-ին Գյումրիում Մկոյանը բացել էր գոլերի հաշիվը «Վանում»՝ ավելացված ժամանակում 11մ հարվածով գրավելով «Շիրակի» դարպասն ու հաղթանակ պարգևելով իր թիմին: Մկոյանը Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է: Նա Հայկ Ղազարյանի դարպասը խոցեց 39 տարեկան 82 օրականում:
7. Կարեն Նալբանդյանն ընթացիկ առաջնությունում 5-րդ 11մ հարվածն անվրեպ իրացրեց՝ խփելով 8-րդ գոլը: Իսկ ահա Մոմո Տուրեն միայն երկրորդ փորձից գրավեց Տիմոտի Ֆայուլուի դարպասը, երբ վերջինս հետ մղեց 11մ հարվածը:

8. Գրենիկ Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 20-րդ գոլը խփեց: Նա 18 գնդակով ԲԿՄԱ-ի պատմության լավագույն ռմբարկուն է:
9. Սերգեյ Վակուլենկոն բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում» Fastex Պրեմիեր լիգայում: Իր նախորդ 5 գոլերը նա խփել էր «Արարատ-Արմենիայում»: Իսկ «Վանի» ֆուտբոլիստ Լուկաս Օլիվեյրա Բրունեն առաջին գոլը խփեց Fastex Պրեմիեր լիգայում:
10. Շիրակցի Ռուդիկ Մկրտչյանը և «Վանի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրին: Մկրտչյանը խաղերից 116-ում խաղադաշտ է դուրս եկել հարազատ ակումբի մարզաշապիկով, 84-ում հանդես է եկել «Արարատում»: Հովհաննիսյանը խաղերից 54-ն անցկացրել է «Վանում»:
Արամ Խամոյանի համար էլ «Ալաշկերտի» հետ հանդիպումը հոբելյանական՝ 100-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում, որից 98-ում նա կրել էր ԲԿՄԱ-ի մարզաշապիկը:
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


