Logo

«Արարատ-Արմենիայի» տպավորիչ ռևանշը, Էզայի արդյունավետության տարիքային ռեկորդը. Fastex ՀՊԼ-ի 19-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:16 / 01.12.2022Fastex Պրեմիեր լիգա
Բացառիկ
null

19-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ շրջանը: Տուրի կենտրոնական խաղում հաղթելով «Ուրարտուին»՝ «Արարատ-Արմենիան» առաջատարից միավորների տարբերությունը հասցրեց 2-ի: «Փյունիկն» էլ հերթական հաղթանակը տարավ ու ընդհուպ մոտեցավ առաջատար եռյակին:  

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, 2-ում պարտվեցին: Առաջնությունում կայացած 90 հանդիպումներից 33-ում հաղթել են դաշտի տերերը, 36-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 21 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ): Առաջնության 90 հանդիպումներում գրանցվել է 209 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,3 գոլ): Առաջնության հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը «Նոայի» լեգեոնական Գուդնյուզ Իգբոկվեն է:

2. «Արարատ-Արմենիան» տպավորիչ ռևանշի հասավ «Ուրարտուից» Fastex Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում 0-4 հաշվով կրած պարտության դիմաց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած նախորդ 3 հանդիպումներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը պարտվել էր ու չէր գտել «Ուրարտուի» դարպասի բանալին՝ սեփականը բաց թողնելով 6 գոլ:

Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 6-րդ հաղթանակը տարավ, որը լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ:

3. Ընդհատվեց «Ուրարտուի» անպարտելի 12 խաղերի ռեկորդային շարքը, որի ընթացքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 10 հաղթանակ էր տոնել, 2 անգամ ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտի» հետ: Վերջին անգամ «Ուրարտուն» խաղադաշտից պարտված էր հեռացել օգոստոսի 28-ին՝ 2-3 հաշվով զիջելով «Լեռնային Արցախին»:

4. «Նոային» վերջապես հաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքն ընթացիկ առաջնությունում: Նախորդ հաղթանակը Fastex ՀՊԼ-ում «Նոան» տարել էր նախորդ մրցաշրջանում մայիսի 9-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլի շնորհիվ: Հաջորդ հաղթանակը տոնելու համար «Նոայից» 21 խաղ պահանջվեց:

«Նոան» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ մեկ խաղում 3 գոլ խփեց և դարձյալ՝ «Ալաշկերտի» դարպասը: Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային տուրում «Նոան» 3-4 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»: 11մ հարվածով Լևոն Վարդանյանի խփած գնդակը թիմի հոբելյանական՝ 150-րդ գոլն էր Fastex ՀՊԼ-ում:

5. Արմեն Շահգելդյանի նորամուտն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում անհաջող անցավ: Ալաշկերտցիներն առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին: Վերջին 4 խաղերում «Ալաշկերտն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ուրարտուի» հետ:

6. 26-ամյա Ուիլֆրեդ Կուասի Էզան ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ դուբլի հեղինակ դարձավ՝ գոլերի թիվը հասցնելով 8-ի: 2022թ. օրացուցային տարում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում Էզայի հաշվին 9 գոլ է գրանցված: Իվուարցի ֆուտբոլիստը գերազանցեց Մաիլսոն Լիմայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2020թ. օրացուցային տարում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայում» 7 գոլ էր խփել:

Ուիլֆրեդ Կուասի Էզան լավ հնարավորություն ունի գերազանցելու նաև արդյունավետության անձնական ռեկորդը: 2020-21թթ. առաջնությունում «Վանի» կազմում, նախորդ առաջնությունում էլ «Արարատ-Արմենիայում» Էզան 8-ական գոլ էր խփել:

7. Արտակ Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում 3-րդ 11մ հարվածն էլ անվրեպ իրացրեց՝ խփելով Fastex ՀՊԼ-ում 55-րդ գոլը: Այդ ցուցանիշով նա առաջնության մասնակիցներից զիջում է միայն «Վանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին, որի հաշվին 57 գոլ է գրանցված: Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում Եդիգարյանը 55 գնդակով Հենրիկ Բերբերյանի, Արսեն  Բալաբեկյանի և Վարդան Բիչախչյանի հետ բաժանում է 41-44-րդ տեղերը:  

8. «Արարատ-Արմենիայի» 27-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 166-րդ խաղն անցկացրեց ու գերազանցեց «Իմպուլսի» նախկին լեգեոնական Գագա Թբիլաշվիլու տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի ֆուտբոլիստներից այդ տարիքում բոլորից շատ՝ 165 հանդիպման էր մասնակցել:

Ուդոն եզրափակում է Հայաստանի առաջնությունների ամենափորձառու լեգեոնականների եռյակը: Նրանից ավելի շատ խաղերի են մասնակցել միայն Ալեքս Էնրիկե դա Սիլվան (230) ու Վբեյմար Անգուլոն (174):

9. 26-ամյա Վսևոլոդ Երմակովը 2022թ. օրացուցային տարում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 15-րդ «չոր» խաղն անցկացրեց  և կրկնեց Վալերիո Վիմերկատիի տարիքային ռեկորդը: Ընթացիկ առաջնությունում ռուսաստանցի դարպասապահը 10-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Այդ ցուցանիշով նա լավագույնն է:

10. «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 350-րդ խաղն անցկացրեց: Իսկ «Նոայի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանի համար «Ալաշկերտի» հետ հանդիպումը 100-րդն էր Fastex ՀՊԼ-ում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա