Logo

«Արարատի» առաջին հաղթանակը, «Ուրարտուի» և «Փյունիկի» հոբելյանական գոլերը. գավաթի 1/8 եզրափակիչ փուլը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:38 / 31.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

6 հանդիպումներով ավարտվեց Հայաստանի գավաթի 2025/26թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: «Շիրակը», «Ուրարտուն», «Անդրանիկը», «Փյունիկը», «Արարատը» և «Սյունիքը» քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին: Այդ փուլում նրանց կմիանան «Նոան» և «Արարատ-Արմենիան»:

FastNews-ը գավաթի 1/8 եզրափակչի հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Կայացած 6 հանդիպումներից 4-ում հաղթեցին դաշտի տերերը, 2-ում հաջողությունն ուղեկցեց հյուրերին: Բոլոր խաղերում էլ գրանցվեցին «չոր» հաշիվներ: Գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացված 11 հանդիպումներում դաշտի տերերը 6 հաղթանակ են տարել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 4 պարտություն:

6 խաղում խփվեց 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,83 գոլ): Անցկացված 11 հանդիպումներում 32 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,9 գոլ):

2. Գավաթի մրցաշարերում «Ուրարտուն» և «Վանը» 2-րդ անգամ մրցեցին ու կրկին երևանյան ակումբը հաղթեց խոշոր հաշվով՝ 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը: Մրցակիցների միջև 2022թ. ապրիլի 3-ին Երևանում կայացած կիսաեզրափակիչ խաղում «Ուրարտուն» հաղթել էր 3-0 հաշվով:

Գավաթի 2013/14թթ. խաղարկությունից սկսած «Ուրարտուն» մշտապես նվազագույնը քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել, այդ ընթացքում 4 անգամ հանդես գալով եզրափակչում, որից երկուսը թիմի համար հաղթական են եղել (2015/16, 2022/23թթ.):

3. «Արարատն» ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական հանդիպումներում առաջին հաղթանակը տարավ՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Սարդարապատի» դարպասը: Արարատցիներն ընդհատեցին պաշտոնական մրցումներում առանց հաղթանակների 14 խաղերի շարքը: Նախորդ հաղթանակն «Արարատի» օգտին գրանցվել էր մայիսի 8-ին «Վանի» հետ կայացած առաջնության խաղում՝ 2-1:

Իսկ գավաթի մրցաշարերում «Արարատը» նախորդ հաղթանակը տարել էր 2021թ. նոյեմբերի 25-ին՝ քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Նոային»: Դրանից հետո անցկացրած գավաթային հաջորդ 4 խաղերից 3-ում արարատցիները պարտվել էին, մեկում գրանցվել էր ոչ-ոքի:

Գավաթի վերջին 4 մրցաշարերում «Արարատին» առաջին անգամ հաջողվեց հաղթահարել մրցակցի արգելքը:

4. «Անդրանիկը» ռևանշի հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ 2023/24թթ. գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում 0-6 հաշվով կրած պարտության դիմաց: Վարդենիսը ներկայացնող թիմը գավաթի ընթացիկ մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց: Նախնական փուլում «Անդրանիկը» 3-0 հաշվով առավելության էր հասել «Բենտոնիտի» նկատմամբ:

5. «Սյունիքը» գավաթի ընթացիկ խաղարկությունում 2-րդ հաղթանակը տարավ՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Կիլիկիային»: Հիշեցնենք, որ նախնական փուլում կապանցիները 3-1 հաշվով հաղթել էին «Հայքին»: Վերջին 5 մրցաշրջաններում «Սյունիքն» առաջին անգամ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

6. «Վանի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձած Կարեն Մելքոնյանը 2 գնդակով Վրեժ Մկրտչյանի («Սարդարապատ») և Խուան Պալասիոսի («Անդրանիկ») հետ գլխավորեց գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը: Մելքոնյանն «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց:

7. Մարիուս Նուբիսին «Փյունիկի» կազմում բացեց գոլերի հաշիվը նաև գավաթի մրցաշարում: Գավաթային նախորդ երկու գոլերը նա խփել էր «Արարատ-Արմենիայում» 2024/25թթ. մրցաշրջանում: Ընդ որում առաջին գոլը Նուբիսիի հաշվին գրանցվել էր «Փյունիկի» հետ կայացած գավաթի կիսաեզրափակչում, որում կամերունցի ֆուտբոլիստը հստակ էր իրացրել 11մ հարվածը:

8. Գավաթի մրցաշարերում գոլերի հաշիվը բացած Դանիիլ Կուլիկովը դարձավ պատվավոր մրցանակի խաղարկություններում «Փյունիկի» հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը:

9. «Վանի» հետ խաղում Օլեգ Պոլյակովի խփած գոլը դարձավ գավաթի մրցաշարերում «Ուրարտուի» հոբելյանական՝ 250-րդ գնդակը:

10. Ալեքսանդր Միշիևն ընթացիկ մրցաշրջանում պաշտոնական մրցումներում 6-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ