
Ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը, որն ի հայտ բերեց պատվավոր մրցանակի համար պայքարը շարունակող 4 թիմերին: Հաջորդ տարի կայանալիք գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումներում միմյանց հետ կմրցեն «Ալաշկերտն» ու «Բանանցը», «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը»:
Քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը երկուական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 8 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 3-ական հաղթանակ են տոնել, 2 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի:
Քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներն աչքի ընկան բարձր արդյունավետությամբ. 4 խաղում գրանցվեց 18 գոլ: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի առաջին 4 հանդիպումներում 9 գոլ էր խփվել: Գավաթի մրցաշարի հանդիպումների միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 3,3 գոլ մեկ խաղում:

2. «Արցախի» նկատմամբ 6-0 հաշվով տարած հաղթանակն ամենախոշորն էր «Ալաշկերտի» պատմության մեջ ինչպես գավաթի մրցաշարերում, այնպես էլ ընդհանրապես պաշտոնական մրցումներում: Ալաշկերտցիներն առաջին անգամ մեկ խաղում 6 գոլ խփեցին: Այս հաղթանակն ամենախոշորն է նաև գավաթի ընթացիկ խաղարկությունում:
Գավաթի խաղարկություններում մինչ այդ ամենախոշոր հաշվով «Ալաշկերտը» հաղթել էր «Արարատին» 2015/16թթ. մրցաշարի 1/4 եզրափակչում՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Իսկ ՀՀ առաջնություններում ալաշկերտցիները 5-1 ամենախոշոր հաշվով երկու անգամ հաղթել են «Փյունիկին» (2013/14, 2017/18թթ.), մեկ անգամ՝ «Ուլիսին» (2013/14թթ.):
«Ալաշկերտի» համար ռեկորդային է նաև «Արցախի» նկատմամբ երկու խաղերի արդյունքում ձեռք բերված ընդհանուր առավելությունը՝ 9-1: Մինչ այդ գավաթի մրցաշարերում «Ալաշկերտն» ամենամեծ առավելությանը հասել էր «Արարատի» նկատմամբ 2015/16թթ. խաղարկության քառորդ եզրափակչում՝ 5-0 (1-0, 4-0):

Այդ ցուցանիշով գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիրը «Բանանցն» է, որը 2005թ. առաջին խմբում հանդես եկող «Աբովյանի» հետ անցկացրած 1/8 եզրափակչի երկու հանդիպումներում ընդհանուր առմամբ 24 անպատասխան գնդակ էր խփել: Ընդ որում պատասխան խաղում գրանցված 15-0 հաշիվն ամենախոշորն է ՀՀ գավաթի խաղարկություններում:
Գավաթի մրցաշարերին 6-րդ անգամ մասնակցող «Ալաշկերտը» 3-րդ անգամ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Նախկինում ալաշկերտցիները կիսաեզրափակչում հանդես են եկել գավաթի 2014/15 և 2015/16թթ. խաղարկություններում, ինչն առայժմ թիմի համար լավագույն արդյունքն է:
3. «Գանձասար–Կապանը» գավաթի մրցաշարերում խոշոր հաշվով 5-րդ հաղթանակը տոնեց՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Ավան Ակադեմիայի» դարպասը, որին առաջին խաղում էլ խոշոր հաշվով էր (3-0) հաղթել: Կապանյան թիմի պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, որ գավաթի երկու հանդիպումներում էլ միևնույն մրցակցին գանձասարցիները հաղթում են խոշոր հաշվով:

Առաջին անգամ դա պատահել է 2008թ. «Փյունիկ-2-ի» հետ 1/8 եզրափակիչ հանդիպումներում (3-0, 5-0), ընդ որում պատասխան խաղում գրանցված արդյունքը «Գանձասար–Կապանի» ամենախոշոր հաշվով հաղթանակն է ՀՀ գավաթի մրցաշարերում:
«Գանձասար–Կապանը» 5-րդ անգամ մտավ կիսաեզրափակիչ: Կապանցիներն արդեն 3-րդ տարին անընդմեջ կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճում: Ճիշտ է, գավաթի նախորդ խաղարկությունում «Գանձասար–Կապանն» առանց պայքարի էր այդ ուղեգիրը նվաճել, քանի որ քառորդ եզրափակչում նրա մրցակիցը՝ «Էրեբունին» հրաժարվել էր մրցաշարի մասնակցությունից:

