Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sports.ru-ի հետ հարցազրույցում խոսել է մի շարք թեմաների մասին:
Հայաստանում ապրելու մասին
«Ես անընդհատ այստեղ չեմ եղել։ Կար մի պահ, երբ մայրս ծանր հիվանդացավ, այդ պատճառով վերադարձա Նիդերլանդներ և ֆուտբոլ չխաղացի։ Միշտ ցանկացել եմ ապրել Երևանում, հայկական ֆուտբոլը զարգացնելու ծրագիր վաղուց ունեի: Շատ էի ուզում ավելի լավ ճանաչել երկիրը և օգնել Հայաստանին։
Ցանկանում եմ Հայաստանում ֆուտբոլն ավելի լավը դարձնել, քան հիմա է։ Այդ մասին մտածել էի դեռ 2012 թվականին, երբ որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում։ Ես շատ էի ցանկանում գալ այստեղ կարիերայիս ավարտին։
Սիրտս ինձ ասաց, որ դա ճիշտ որոշում է։ Եվ լավ է, որ դեռ լավ մարզավիճակում եմ և էներգիայով լի, քանի դեռ կարող եմ ինձ ապացուցել և ինչ-որ բան տալ հայկական ֆուտբոլին։
Ես նախկինում եղել եմ այստեղ, 12 տարի անընդմեջ գալիս էի Երևան, այնպես որ, ամեն ինչ ծանոթ է: Հասկանալի է, որ արձակուրդը մի բան է, կյանքը՝ մեկ այլ բան, բայց ես այստեղ ինձ լավ եմ զգում։ Ես երեք երեխա ունեմ, նրանք շատ են հավանել Երևանը։ Բացի այդ, կան բաներ, որոնք ավելի լավ են, քան Եվրոպայում»:
Ֆուտբոլային առաջին քայլերը կատարելու մասին
«Թուրքիայում մեզ համար դժվար էր, մեր ծնողները չէին ուզում այնտեղ ապրել։ Նիդերլանդներում բնակվում էր մորաքույրս, դրա համար էլ գնացինք այնտեղ։ Հայրս դերձակ էր աշխատում, իսկ Նիդերլանդներում աշխատանքի ընդունվեց ջերմոցում։ Մշակում էր լոլիկ, վարունգ
Իսկ իմ ապագան ես որոշել եմ մեկուկես տարում: Ֆուտբոլի դպրոց կարելի էր ընդունվել միայն 6 տարեկանից, բայց արդեն 4,5 տարեկանում հորս խնդրում էի, որ ինձ ուղարկեն այնտեղ:
Հայրս ասում էր՝ «Արաս, չես կարող, դու դեռ փոքր ես, ուղղակի քեզ չեն ընդունի»։ Ես համոզեցի նրան ամեն դեպքում փորձել: Հասանք Հորնի դպրոցներից մեկը, մոտեցանք մարզիչին և նա ասաց՝ «Թող շաբաթը մեկ գա։ Սա ավելի լավ է, քան եթե նա տանը լաց լինի և տխրի»։
Սկսեցի մարզվել, շուտով մարզիչն ասաց, որ կարող եմ ամեն օր գնալ։ Արդյունքում 4,5 տարեկանում արդեն խաղացել եմ 6 տարեկանների հետ։ Ես այնքան շատ էի ուզում»:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հաղթելու ցանկության մասին
«Իհարկե, ցանկանում ենք հաղթել։ Գիտե՞ք, թե որն է դժվարությունը Հայաստանում։ Առաջին շրջանում դուք կարող եք խաղալ մեկ թիմի հետ, իսկ երկրորդում բոլոր խաղացողները նոր կլինեն նույն թիմում: Մենք ձգտում ենք չեմպիոնության, բայց հեշտ չի լինելու, կենտրոնացած ենք մնում»:
Ապագայի մասին
«Երբ մեծ դադար ունեցա, «Այաքսի» ակադեմիայում օգնեցի Մ12 հավաքականի մարզիչին։ Ինձ ասացին՝ «Երբ ավարտես, արի աշխատի, ուրախ ենք, որ քեզ հնարավորություն ենք տալիս»։ Ես վստահ չեմ, տեսնենք՝ ինչ կլինի։
Նախատեսում եմ մարզչական արտոնագիր ստանալ, հետո կորոշեմ՝ դառնալ մարզիչ, թե գուցե սեփական ակադեմիա բացել Երևանում։ Մոտ ապագան՝ 2-3 տարի, կապում եմ Հայաստանի հետ, բայց ավելի հեռուն չեմ նայում»:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 33-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսում», խաղացել է նաև Մոսկվայի «Սպարտակում», Կրասնոդարի «Կուբանում», իսպանական «Ռայո Վալեկանոյում», Ստամբուլի «Բեշիքթաշում», Տիրասպոլի «Շերիֆում» ու հոլանդական «Վիլլեմ Երկրորդում», իսկ այս մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել էր Երևանի «Փյունիկում»։
Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսն ակումբային մակարդակում մասնակցել է 13 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


