Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն անդրադարձել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանին, որը ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն մերժել էր հրավերը՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։
«Մեզ պետք են լավ խաղացողներ, բայց ինձ համար, նաև՝ որպես երկրպագուի, կարևոր է՝ եթե ֆուտբոլիստն ընտրի Հայաստանի հավաքականը, սրտով կատարի ընտրությունը։ Նույն Յուրա Մովսիսյանը կարող էր խաղալ ԱՄՆ-ի հավաքականում, բայց ընտրեց Հայաստանը։ Ես ունեի Նիդերլանդների հավաքականի տարբերակը, բայց ինքս ցանկանում էի խաղալ Հայաստանի հավաքականում։ Հայաստանի համար պետք է խաղալ սրտով՝ մտածելով ոչ թե կարիերայի, այլ երկրի մասին։
Սպերցյանը և Տիկնիզյանը պետք է տեղափոխվեն Եվրոպա։ Որքան շատ ունենանք բարձր մակարդակում ու մեծ ակումբներում խաղացող ֆուտբոլիստներ, այդքան լավ կլինի մեր ֆուտբոլի աճի համար»,- Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանն այս օրերին Հայաստանում է։ Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքական կհրավիրվի հոկտեմբերին կայանալիք խաղերից առաջ։
Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։ Նախկինում Սևիկյանը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։


