Logo

Արայիկ Էլոյանի հաղթական գոլը նաև հոբելյանական էր «Արարատ-Արմենիայի» համար

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:42 / 25.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Շիրակի» հետ դրամատիկ պայքարում ընթացած խաղի ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Արայիկ Էլոյանի խփած գոլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային», այլև դարձավ Fastex Պրեմիեր լիգայում թիմի հոբելյանական՝ 400-րդ գնդակը:

Էլոյանը նաև բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում» և ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը գրավելով 21 տարեկան 161 օրականում: Հետաքրքիր է, որ նա թիմի հոբելյանական գոլերի հեղինակների ցանկում միակ հայ ֆուտբոլիստն է:

Բարձրագույն խմբի առաջնություններում «Արարատ-Արմենիան» գոլերի հաշիվը բացել է իր առաջին խաղում՝ «Լոռիի» հետ 2018թ. օգոստոսի 4-ին կայացած 2018/19թթ. առաջնության մեկնարկային տուրում, որում հաղթել է 2-0 հաշվով: Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել թիմի բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը՝ 67-րդ րոպեին գրավելով Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասը:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած նորաստեղծ կոլեկտիվն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ 32 խաղում խփելով 53 գոլ: Հաջորդ մրցաշրջանում կրկին չեմպիոն հռչակված «Արարատ-Արմենիային» ընդամենը երկու գոլ չբավականացրեց 100-րդ գոլի հոբելյանը նշելու համար: Առաջնության 28 խաղում «Արարատ-Արմենիան» 45 գոլ խփեց: Ուստի հոբելյանը նշվեց միայն հաջորդ մրցաշրջանում: Եվ հետաքրքիր է, որ կրկին մրցակիցը «Լոռին» էր:

2020/21թթ. առաջնության 3-րդ տուրում՝ 2020թ. սեպտեմբերի 11-ին սեփական դաշտում Հայաստանի կրկնակի չեմպիոնը 1-2 հաշվով պարտվեց «Լոռիին», իսկ խաղի ավելացված ժամանակում 11մ հարվածով Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլը դարձավ 100-րդը ՀՀ առաջնություններում:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական գոլերի հեղինակներին:

Գոլ Ֆուտբոլիստը Մրցակիցը
100 Յուսուֆ Օտուբանջո 11.9.2020 «Լոռի»՝ 1-2
200 Ուիլֆրեդ Կուասի Էզա 17.10.2022 «Փյունիկ»՝ 1-2
300 Մոհամեդ Յատարա 23.2.2024 «Փյունիկ»՝ 3-1
400 Արայիկ Էլոյան 24.8.2025 «Շիրակ»՝ 1-0

Բարձրագույն խմբի առաջնություններում 400 գոլերն «Արարատ-Արմենիան» խփել է 16 թիմերի դարպասները: Միայն «Սևանին» է հաջողվել դարպասն անառիկ պահել, որի հետ կայացած միակ խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն առավել արդյունավետ են գործել «Արարատի» հետ հանդիպումներում՝ 26 խաղում խփելով 56 գնդակ: Երկրորդ ցուցանիշը գրանցվել է «Շիրակի» հետ կայացած 23 հանդիպումներում՝ 50 գոլ: Ընթացիկ առաջնության մասնակից մյուս թիմերի հետ մրցավեճում ցուցանիշներն այսպիսին են. «Նոա»՝ 44 գոլ (26 խաղում), «Վան»՝ 42 (19), «Ալաշկերտ»՝ 41 (26), ԲԿՄԱ՝ 37 (15), «Փյունիկ»՝ 35 (24), «Ուրարտու»՝ 32 (24), «Գանձասար»՝ 10 (3):

Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» օգտին գրանցված 400 գոլերում իրենց ներդրումն են ունեցել թիմի 59 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակցի 6 խաղացողներ՝ շիրակցիներ Աղվան Դավոյանն ու Ալեքսա Վիդիչը, փյունիկցի Վլադիմիր Սուգրոբովը, Ալեքսիս Ջիմի Բենդը («Լոռի»), Ալեքսանդր Տենյաևը («Վան») և Էրիկ Սիմոնյանը (ԲԿՄԱ), որոնք մեկական անգամ գրավել են սեփական դարպասը:

Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» գլխավոր ռմբարկուն Տենտոն Յենեն է, որի հաշվին 43 գոլ է գրանցված: Թիմից հեռացած նիգերիացի ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիր դարձավ նախորդ մրցաշրջանում: Անցյալ տարվա նոյեմբերի 27-ին «Ալաշկերտի» հետ խաղում գրավելով Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը, Տենտոնը 34-րդ գոլն էր խփել ու գերազանցելով Մաիլսոն Լիմա յի ցուցանիշը, դարձել էր Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» գլխավոր ռմբարկուն:

Տենտոն Յենեն նախորդ առաջնությունում աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ խփելով 17 գոլ: Նա ընդամենը մեկ գնդակով զիջեց թիմի նորեկ Մարիուս Նուբիսիին, որին մեկ մրցաշրջանը բավարար էր «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների տասնյակում ընդգրկվելու համար: Հետաքրքիր է, որ 2023/24թթ. առաջնությունում էլ Տենտոնի խփած 16 գոլը բավարար չէր թիմի լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանանալու համար, քանի որ Մոհամեդ Յատարան 18 անգամ էր աչքի ընկել:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Գոլ

1. Տենտոն Յենե       

43

2. Մաիլսոն Լիմա                                       

33

3. Յուսուֆ Օտուբանջո      

27

4. Ուիլֆրեդ Կուասի Էզա  

22

5. Անտոն Կոբյալկո            

19

6. Մոհամեդ Յատարա       

18

7. Մարիուս Նուբիսի

18

8. Արմեն Համբարձումյան            

15

9. Ջոնաթան Դուարտե

14

10. Արթուր Սերոբյան 

13

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ