Logo

Արդարացված «գործուղում»․ 10 խաղացող, ում արժեքը վարձակալության ժամանակ ամենաշատն է աճել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 11.08.2021ՍՊՈՐՏ

Luka Jovic

2021 թվականի ամառային տրանսֆերտային պատուհանը պատմության մեջ մնալու է որպես ամենահիշարժաններից մեկը։ Եղան խելահեղ գործարքներ, որոնց մասին նույնիսկ մտածելը բարդ էր ամիսներ առաջ։

Սակայն այդ հնչեղ գործարքների կողքին թոփ ակումբները դարձյալ դիմում են իրենց խաղացողներին այլ ակումբներ ուղարկելու փորձված քայլին՝ նպատակ հետապնդելով բարելավել նրանց խաղն այդ թիմերում ավելի շատ խաղաժամանակ ստանալու ակնկալիքով։

Անցած տարիներին եղել են մի շարք հաջողված վարձակալական գործարքներ, որոնց արդյունքում ֆուտբոլիստը բարելավել է ոչ միայն իր խաղային որակներն այլ նաև բարձրացրել է տրանսֆերտային արժեքը։ VNews-ը ներկայացնում է 10 խաղացողի, որոնց տրանսֆերտային արժեքն ամենաշատն է աճել վարձակալության մեջ գտնվելու ընթացքում։

*Տրանսֆերային արժեքներն՝ ըստ Transfermarkt-ի

10 Գոնսալու Գեդեշ (ՊՍԺ-ից «Վալենսիա»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 23 000 000 եվրո

Գեդեշը 2017 թվականին «Բենֆիկայից» տեղափոխվեց ՊՍԺ։ Հեռանկարային պորտուգալացու համար փարիզյան թիմում տեղ չգտնվեց։ Նրան որոշեցին վարձակալությամբ ուղարկել «Վալենսիա»։ Իսպանական ակումբում Գեդեշը շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց, ինչը ստիպեց «Վալենսիային» մտածել իր ամբողջական տրանսֆերը գնելու մասին։

Գոնսալու Գեդեշ

Գեդեշի տրանսֆերտային արժեքը մեկ տարում վարձակալության ընթացքում ավելացավ 23 մլն եվրոյով։ Մեկ տարի անց «Վալենսիան» նրա հետ մշտական պայմանագիր ստորագրեց։ Պորտուգալացին դեռևս «չղջիկների» կազմում է։ Բացառված չէ, որ առաջիկայում նրան նորից տեսնենք որևէ թոփ թիմի կազմում։

9 Բրայան Կրիստանտե («Բենֆիկայից»՝ «Ատալանտա»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 23 000 000 եվրո

Արդեն Եվրոպայի չեմպիոն Բրայան Կրիստանտեն ժամանակին վարձակալությամբ մի շարք ակումբներում է խաղացել։ 2014 թվականին նա «Միլանից» գնաց «Բենֆիկա»։ Երկու տարի անց սկսեց իր ուժերը փորձել իտալական մի շարք ակումբներում, բայց վարձակալական հիմունքներով։ Նա խաղաց «Պալերմոյում», «Պեսկարայում» ու «Ատալանտայում»։

Բրայան Կրիստանտե

Հենց «Ատալանտայում» էլ «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպանը զգալի առաջընթաց գրանցեց՝ բարձրացնելով նաև տրանսֆերտային արժեքը։ 2018-ին «Ատալանտան» մշտական պայմանագիր կնքեց նրա հետ ու վարձակալությամբ ուղարկեց «Ռոմա»։ Արդեն մեկ տարի անց Կրիստանտեն մշտական պայմանագիր կնքեց «Ռոմայի» հետ։

8 Դեյան Կուլուշևսկի («Ատալանտայից»՝ «Պարմա»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 24 000 000 եվրո

Շվեդիայի հավաքականի և «Յուվենտուսի» վինգեր Դեյան Կուլուշևսկին մինչև թուրինյան գրանդ տեղափոխվելը վարձակալությամբ խաղում էր «Պարմայում», թեպետ նրա իրավունքները պատկանում էին «Ատալանտային»։ Ջանլուիջի Բուֆոնի ներկայիս թիմում Կուլուշևսկին օգտագործեց իր պոտենցիալն ու ապացուցեց, որ կարող է խաղալ նաև թոփ թիմերում։

Դեյան Կուլուշևսկի

«Պարմայում» անցկացրած մեկ մրցաշրջանում նրա տրանսֆերտային արժեքն ավելացավ 24 միլիոն եվրոյով։ 2020 թվականին նա 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»։ Առանց կասկածի կարող ենք նշել, որ վարձակալությամբ «Պարմային» տալու գործարքը լավագույններից էր «Ատալանտայի» համար։

7․Տանգի Նդոմբելե («Ամիենից»՝ «Լիոն»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 24 000 000 եվրո

Նդոմբելեն ֆրանսիացի ամենահեռանկարային կիսապաշտպաններից է։ Հիմա նա խաղում է Լոնդոնի «Տոտենհեմում», որ տեղափոխվել է «Լիոնից»։ Մինչև Կարիմ Բենզեմայի նախկին ակումբ տեղափոխվելը Նդոմբելեն խաղում էր «Ամիենում»։ 2017 թվականին նա վարձակալությամբ տեղափոխվեց «Լիոն»։

Տանգի Նդոմբելե

Հասկանալով, որ սա իր կարիերայում մեծ առաջընթաց գրանցելու շանս է՝ Նդոմբելեն զգալիորեն բարելավեց իր խաղը «Լիոնում»։ Մեկ տարվա ընթացքում նրա տրանսֆերտային արժեքը թռիչքաձև աճ գրանցեց։ «Լիոնին» ոչինչ չէր մնում, քան գնել Նդոմբելեի տրանսֆերն ու շարժվել առաջ։ Եվս մեկ տարի անց ֆրանսիական ակումբը 60 միլիոն եվրոյի դիմաց Նդոմբելեի տրանսֆերը վաճառեց «Տոտենհեմին»։

6 Դուգլաս Կոստա («Բավարիայից»՝ «Յուվենտուս»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 25 000 000 եվրո

Դուգլաս Կոստայի վարձակալությունների մասին խոսելիս հնարավոր է գլխապտույտ ունենաք։ Ինչ-որ պահի նրա իրավունքները պատկանում են «Բավարիային», բայց նա խաղում է «Յուվենտուսում»։ Ինչ-որ պահի էլ նրա իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», բայց նա խաղում է «Բավարիայում»։

Դուգլաս Կոստա

2017/18 թվականների մրցաշրջանում Կոստան վարձակալությամբ խաղում էր «Յուվենտուսում»։ Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Եթե թուրինյան գրանդ գալու պահին նրա տրանսֆերտային արժեքը գնահատվում էր 25 միլիոն եվրոյով, ապա մեկ տարի անց նրան փորձագետները գնահատում էին 50 միլիոն եվրո։ Հիմա Կոստայի իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», բայց նա նորից վարձակալությամբ խաղում է այլ թիմում՝ այս անգամ բրազիլական «Գրեմիոյում»։

Մեր ընտրանին

5․ Դուվան Սապատա («Սամպդորիայից»՝ «Ատալանտա»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 25 000 000 եվրո

«Ատալանտան» անցած մի քանի մրցաշրջանում աննկարագրելի հաջողություններ ունեցավ։ Այդ հաջողություններում մեծ ներդրում ուներ և ունի Դուվան Սապատան։ Սակայն, երևի թե, քչերը գիտեն, որ կոլումբիացին «Ատալանտայի» հետ մշտական պայմանագիր է կնքել անցած տարի, իսկ մինչև այդ խաղում էր այդ թիմում վարձակալությամբ։

Դուվան Սապատա

2018 թվականին «Սամպդորիան» գնեց Սապատայի տրանսֆերն ու վարձակալությամբ տվեց «Ատալանտային»։ Երկու մրցաշրջան Սապատան տպավորեց ու ստիպեց «Ատալանտային» գնել նրա ամբողջական տրանսֆերը։ Կոլումբիացի տրանսֆերտային արժեքը բարձրացավ 25 մլն եվրոյով, սակայն իտալական ակումբը նրա համար կարողացավ 12 մլն եվրո վճարել։

4․ Մարտին Էդեգոր («Ռեալ Մադրիդից»՝ «Ռեալ Սոսիեդադ»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 30 000 000 եվրո

2015 թվականին «Ռեալը» գնեց աշխարհի ամենահեռանկարային խաղացողներից մեկը համարվող Մարտին Էդեգորին։ Երկու տարի նա խաղաց «Արքայական ակումբի» երկրորդ թիմում, իսկ հետո գնաց «թափառելու» Եվրոպայում վարձակալական հիմունքներով։

Մարտին Էդեգոր

2019 թվականին Էդեգորը վարձակալությամբ տեղափոխվեց «Ռեալ Սոսիեդադ»։ Բասկյան թիմում նա ամենամեծ առաջընթացը գրանցեց։ Մեկ տարվա ընթացքում նրա տրանսֆերտային արժեքը զգալիորեն ավելացավ՝ հասնելով 30 մլն եվրոյի։ «Ռեալ» վերադառնալուց հետո նա նորից վարձակալությամբ այլ թիմ տեղափոխվեց՝ կես տարի խաղալով «Արսենալում»։ Նորվեգացին հիմա նորից «Ռեալում» է, սակայն բացառված չէ, որ մադրիդյան գրանդն ամառային տրանսֆերտային պատուհանի ընթացքում վաճառի նրա տրանսֆերը։

3․Աշրաֆ Հաքիմի («Ռեալ Մադրիդից»՝ «Բորուսիա» Դ)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 49 000 000 եվրո

Աշրաֆ Հաքիմին աշխարհի լավագույն աջ լատերալներից մեկն է։ Մարոկացի խաղացողը երևի թե ֆուտբոլային աշխարհում անցած տարիների ընթացքում խաղային առումով ամենամեծ աճ գրանցած խաղացողն է։ Բոլորովին վերջերս նրա համար ՊՍԺ-ն վճարեց 60 միլիոն եվրո ու գնեց նրա տրանսֆերը «Ինտերից»։

Աշրաֆ Հաքիմի

Աշրաֆը 2018-ից 2020 թվականների ընթացքում վարձակալությամբ խաղաց Դորտմունդի «Բորուսիայում»։ Նրա ֆանտաստիկ մրցելույթները պատճառ էին այն բանի, որ նրա տրանսֆերտային արժեքը չափազանց մեծ աճ գրանցի։ Աշրաֆի տրանսֆերտային արժեքը աճեց 49 միլիոն եվրոյով։

2․ Լուկա Յովիչ («Բենֆիկայից»՝ «Այնտրախտ»)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 58 000 000 եվրո

Եվս մեկ խաղացող, որն ինչ-որ ձևով կապված է «Ռեալի» հետ։ Լուկա Յովիչի տրանսֆերտային արժեքը անցած երկու մրցաշրջաններում հաստատ նվազել է, բայց մինչև այդ սերբ հարձակվողի շուկայական գինը միայն աճ էր գրանցում։ 23-ամյա խաղացողն առավել հայտնի է գերմանական «Այնտրախտում» իր ցուցադրած տպավորիչ խաղով, սակայն գերմանական թիմում Յովիչը հիմնականում խաղացել է վարձակալությամբ։

Լուկա Յովիչ

2017-2019 թվականների ընթացքում Յովիչը վարձակալությամբ էր խաղում ««Այնտրախտում», նրա իրավունքները պատկանում էին «Բենֆիկային»։ Սերբ հարձակվողի ամբողջական տրանսֆերը «Այնտրախտը» գնեց 2019-ի գարնանը, իսկ արդեն ամռանը 60 միլիոն եվրոյի դիմաց այն վաճառեց Մադրիդի «Ռեալին»։

1․ Կիլիան Մբապե («Մոնակոյից»՝ ՊՍԺ)

Տրանսֆերային արժեքի աճը վարձակալության ընթացքում՝ 85 000 000 եվրո

Ինչպես կարող էր այս ցանկի գլխավերևում չլինել Կիլիան Մբապեն։ 2017 թվականի ամռանը ՊՍԺ-ն գնեց Նեյմարի տրանսֆերը, իսկ հետո համաձայնության հասավ «Մոնակոյի» հետ Մբապեի տեղափոխության շուրջ։ Ակումբները պայմանավորվեցին, որ մեկ տարով ՊՍԺ-ն վարձակալում է Մբապեին, իսկ մեկ տարի հետո գնելու է նրա տրանսֆերը 180 միլիոն եվրոյի դիմաց։

Կիլիան Մբապե

Այդ մեկ տարվա ընթացքում, երբ Մբապեն ֆորմալ առումով համարվում էր «Մոնակոյի» խաղացող, բայց դեռ ՊՍԺ-ում էր, նա տրանսֆերային արժեքի մեծ աճ գրանցեց։ Ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերտային արժեքն ավելացավ 85 մլն եվրոյով։ Կիլիան Մբապեն մինչև օրս աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներից է, որն ի դեպ հաջորդ ամառ անվճար կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ