Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը 16-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթի խաղարկության տիտղոսը։
ԱՄՆ-ում կայացած մրցաշարի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթեց Կոլումբիայի հավաքականին, որը չէր պարտվել նախորդ 28 խաղում։
Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում «Ալբիսելեստեի» հաղթական ու չեմպիոնական գոլը 112-րդ րոպեին խփեց փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսը։ Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվողը 5 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հանդիպման 66-րդ րոպեին վնասվածք ստացավ և արտասվելով փոխարինվեց արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին։ 37-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, վերջին հանդիպումն էր անցկացնում Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը մրցաշարում ընդգրկված էր A խմբում։ Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականը հաղթել է Կանադային (2-0), Չիլիին (1-0) և Պերուին (2-0), փլեյ-օֆֆի առաջին փուլում 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել Էկվադորին, կիսաեզրափակիչում կրկին առավելության է հասել Կանադայի (2-0) նկատմամբ։ «Ալբիսելեստեն» պաշտպանեց տիտղոսն ու դարձավ մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր հավաքականը։
Կոլումբիան, որը 23 տարի անց կրկին դուրս էր եկել Կոպա Ամերիկայի եզրափակիչ, չկարողացավ մրցաշարում նվաճել երկրորդ տիտղոսը։ «Լոս կաֆետերոսը» միակ հաջողությունը գրանցել է 2001 թվականին։
Ամերիկայի գավաթ, եզրափակիչ
Արգենտինա - Կոլումբիա` 1-0
Լաուտարո Մարտինես, 112
«Հարդ Ռոք» ստադիոնում կլասիկա չի հնչելու. Կոպա Ամերիկայի եզրափակիչին ընդառաջ


