Ինչպես հայտնի է, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը (75 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը ոչ մի շանս չտվեց Սլովակիան ներկայացնող Անդրեյ Չեմեզին, որը Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր է։ VNews.am-ի հետ զրույցում Դարչինյանը խոստովանեց, որ գիտեր՝ հեշտ մարտ չի ընթանալու։
«Մենամարտը բարդ էր, բայց փառք Աստծո ամեն ինչ ստացվեց։ Սկզբում քիչ աշխատեցի, բայց հետո լրացրի բացը, ու ամեն ինչ իր հունով գնաց։
Օլիմպիական խաղերում բոլոր հակառակորդներն էլ ուժեղ են։ Մենամարտից առաջ տրամադրվել էի, որ ուժեղ մրցակից է լինելու ու գիտեի՝ ծանր մարտ է ընթանալու»։
Քառորդ եզրափակիչում Դարչինյանը մրցելու է Ֆիլիպինները ներկայացնող Էումիր Մարսիալի հետ։ Նա աշխարհի 2019 առաջնության արծաթե մեդալակիր է։ Դարչինյանը դեռ չի դիտել նրա նախորդ մենամարտը ալժիրցի բռնցքամարտիկի հետ։ Հաղթանակի դեպքում Դարչինյանը կապահովի մեդալ Օլիմպիական խաղերում։
«Ծանոթ եմ այդ մրցակցին։ Դեռ ժամանակ ունենք՝ նրան ուսումնասիրելու համար»։
Աշխատում եմ այդ մասին չմտածել։Ցանկանում եմ պարզապես տրամադրվել հերթական մենամարտին»։
Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 07։35-ին։

