Հայ շախմատիստները հիմնականում իրենց գործակիցներին համապատասխանող արդյունք են ցույց տալիս Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում։ VNews-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց շախմատի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը գլխավորող գրոսմայստեր Արման Փաշիկյանը։
Անդրադառնալով հայ շախմատիստների ընթացիկ ցուցանիշներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրականում նորմալ են խաղում, թեպետ, իհարկե, կարող էին ավելի լավ հանդես գալ, քանի որ ունեն նման հնարավորություն։ Հիմնականում ցուցադրում են իրենց գործակիցներին համապատասխանող արդյունքներ։ Մեր փորձառու գրոսմայստերներից սպասվածից մի փոքր ցածր արդյունք ունի միայն Սամվել Տեր-Սահակյանը, իսկ մյուսները պայքարում են աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերի համար։ Երիտասարդներից Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Վահե Դանիելյանը բավականին բարելավել են իրենց գործակիցները։ Վատ չէր սկսել նաև Ալեքս Սահակյանը, որը, սակայն, փոքր-ինչ արգելակեց։ Մամիկոն Ղարիբյանը, Էմինը և Ռոբերտը գրոսմայստերի նորմա լրացնելու լավ հնարավորություն ունեն»։
Արման Փաշիկյանը խոսեց նաև Հայաստանի ներկայացուցիչների մրցաշարային հեռանկարների մասին։ «Առաջին տեղին դժվար կլինի հավակնել, քանի որ մրցաշարային աղյուսակը գլխավորող ուկրաինացի Անտոն Կորոբովն արդեն 8 հնարավորից 7 միավոր ունի։ Իսկ մրցանակակիր դառնալու հնարավորություն մերոնք դեռ պահպանում են»,- ասաց նա։
Գրոսմայստերն ընդհանուր առմամբ գոհ է նաև հայ շախմատիստների անցկացրած պարտիաների որակից։
«Որևէ պարտիա կդժվարանամ առանձնացնել, բայց նրանց անցկացրած գրեթե բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր ու բովանդակալից են։ Պետք է նկատի ունենալ, որ մրցաշարն ինքնին ուժեղ է, մասնակիցների թվում քիչ չեն փորձառու շախմատիստները։ Մերոնք բոլորն էլ պայքարող շախմատիստներ են, որոնք հիմնականում խուսափում են արագ ոչ-ոքիներից»,- ընդգծեց Արման Փաշիկյանը։
Նա նշեց, որ նորույթներն արդեն սովորական են դարձել շախմատում ու այլևս չեն առաջացնում երբեմնի հույզերը. «Ժամանակակից շախմատում գրեթե յուրաքանչյուր պարտիայում լինում են սկզբնախաղային նորույթներ, քանի որ համակարգչային ծրագրերը գնալով կատարելագործվում են։ Այդ առումով հիմա դժվար է վառ նորույթներ մշակել, որովհետև բոլորն էլ պարտիաներին պատրաստվելիս համակարգչով ծանոթանում են լավագույն քայլերին»։
Մարզչի խոսքով՝ առայժմ հստակեցված չէ նոյեմբերի 10-21-ը Չեռնոգորիայում անցկացվելիք Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանի հավաքականի նախապատրաստության ժամանակացույցը։
«Հավաքների հստակ ժամկետներ դեռ սահմանված չեն, դա պարզ կլինի Եվրոպայի առաջնությունից տղաների վերադառնալուց հետո։ Հավաքները պետք է անցկացվեն բոլորին հարմար ժամկետներում, քանի որ հավաքականի անդամները պարբերաբար մասնակցում են տարբեր մրցաշարերի։ Եթե որևէ խանգարող հանգամանք չլինի, ապա փորձելու ենք վերջին հավաքն անցկացնել եվրոպական ստուգատեսից անմիջապես առաջ։ Սովորաբար այդպես ենք վարվել»,- եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը, որոնք 8-րդ տուրից հետո վաստակել է 5,5-ական միավոր և 1,5 միավոր զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող ուկրաինացի Անտոն Կորոբովին:


