Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաստատել է, որ ապրիլի 29-ին տարվա առաջին մենամարտը կանցկացնի, ինչպես նաև խոսել է չեմպիոնական գոտու համար պայքարելու ցանկության մասին:
«Իմ մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա ապրիլի 29-ին և կլինի երեկոյի գլխավոր մենամարտը։ Մրցակիցը կորոշվի այս շաբաթ։ Գամրոտի հետ ռևանշը հետաքրքրում է, քանի որ առաջին մենամարտը հակասական էր: Ես կարծում եմ, որ ռևանշ-մենամարտն անխուսափելի է:
Ես դեռ երկու մենամարտ ունեմ մինչև գոտու համար պայքարը։ Տարվա առաջին մենամարտը հաստատ կլինի ապրիլի 29-ին, իսկ երկրորդը՝ ամառվա ավարտին: Այս տարվա ավարտին կամ հաջորդ տարվա սկզբին ես կարող եմ պայքարել գոտու համար»,- 26-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է Metaratings-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանն ապրիլի 29-ին կմենամարտի Լաս Վեգասում:
Հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Ռուսաստանը ներկայացնող ղազախ մարտիկ Դամիր Իսմագուլովին:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն օկտագոնում տարել է 19 հաղթանակ, պարտվել երեք մենամարտում:


