Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է ռուս Պետր Յանի (16-4-0) և վրացի Մերաբ Դվալիշվիլիի (15-4-0) մենամարտի մասին:
«Իմ կարծիքով՝ Պետրը պետք է հաղթի այս մենամարտում, քանի որ նա շատ ավելի լավ հմտություններ ունի՝ հարվածելու տեխնիկա, դիմացկունություն: Մերաբը միայն ունի լավ պրեսինգ: Եթե Պետրը ճիշտ մոտենա մենամարտին, ապա նա վստահորեն գլուխ կհանի պայքարից և 100 տոկոսով կհաղթի։
Հաղթելու դեպքում, իհարկե, կմտնի գոտու համար պայքարի մեջ, քանի որ արդեն չեմպիոն եղել է։ UFC-ն սիրում է Պետրին իր գեղեցիկ մենամարտերի համար»,- 26-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է Metaratings-ը:
Հիշեցնենք, որ Յան - Դվալիշվիլի մենամարտը կկայանա մարտի 12-ի Լաս Վեգասում կայանալիք UFC Fight Night 221 մրցաշարում:


