UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը համեմատել է իր քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին և գործող չեմպիոն Իսլամ Մախաչևին:
«Իմ կարծիքով՝ և՛ Խաբիբը, և՛ Իսլամը գերիշխող չեմպիոններ են: Դժվար է նրանց համեմատել, քանի որ որոշ հատկանիշներ ավելի լավն են Իսլամի մոտ, որոշները՝ Խաբիբի: Նուրմագոմեդովը շատ ավելի կոշտ պայքար էր մղում օկտագոնում։ Իսլամն ունի բազմակողմանիություն, նրա հարվածային զինանոցն ավելի հարուստ է:
Երկուսն էլ լավն են, ամեն մեկն օգտագործում է այն, ինչ ունի։ Երկուսն էլ ուժեղ մարզիկներ են։ Իսլամն ունի մի բան, որը չունի Խաբիբը, իսկ Խաբիբն ունի մի բան, որը չունի Իսլամը»,- 26-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի Նուրմագոմեդովն օկտագոնում անցկացրել էր 29 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ: Նա մարզական կարիերան ավարտել էր 2020 թվականի հոկտեմբերին: Խաբիբի հայրենակից Մախաչևն անցկացրած 25 մենամարտում ունի 24 հաղթանակ և մեկ պարտություն:


