Logo

Արմեն Բաբալարյան. «Այս անգամ նախապատվությունը տվել ենք 2-3-րդ համարներին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:50 / 15.02.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

Հունահռոմեական ոճի ըմբիշները փետրվարի 16-ին կավարտեն նոր մրցաշրջանին նախապատրաստության հերթական հավաքը և կմեկնեն տարվա առաջին միջազգային մրցաշարին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը որոշել է մրցակցային պայմաններում առաջինը ստուգել մինչև 23 տարեկան մարզիկներին։ 

VNews-ի հետ զրույցում մարզիչն ամփոփել է ուսումնամարզական գործընթացի արդյունքները և հայտնել առաջիկա ստուգատեսին մասնակցելու նպատակը։

«Հավաքն անցավ նորմալ՝ ըստ նախատեսված ծրագրի։ Արդյունքներից գոհ եմ. բոլոր տղաներն էլ մարզվեցին մեծ նվիրումով և հաջողությամբ կատարեցին առաջադրանքները։ Մասնակցեցին բոլոր առաջատարները։ Թիմակիցներից ձգտում էր հետ չմնալ նաև Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն և անցյալ տարվա բրոնզե մրցանակակիր Գևորգ Ղարիբյանը (60 կգ), որը մարզվում էր վնասվածքով։ Արթուր Ալեքսանյանը նույնպես մարզվում էր մեծ եռանդով։ Ուշադրություն ենք դարձրել ինչպես ֆիզիկական, այնպես էլ տակտիկատեխնիկական պատրաստվածությանը։ Բնականաբար, աշխատանքն ուղեկցվել է մարզումային գոտեմարտերով։ Վերջնական նպատակն է կազմ ու պատրաստ ներկայանալ մարտի 13-19-ը Ռումինիայում կայանալիք մինչև 23 տարեկանների և ապրիլի 17-23-ը Խորվաթիայում անցկացվելիք մեծահասակների Եվրոպայի առաջնություններին»,- հայտնեց Արմեն Բաբալարյանը։

Հագեցած մարզումների տրամաբանական շարունակությունն է դառնալու մասնակցությունը փետրվարի 17-19-ը Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացվելիք միջազգային մրցաշարին։ Այնտեղ մրցագորգ են դուրս գալու մինչև 23 տարեկան ըմբիշները։

«Մասնակիցների կազմը որոշվել է Հայաստանի առաջնության արդյունքներով։ Այս անգամ նախապատվությունը տվել ենք երկրորդ-երրորդ համարներին, թեպետ նրանց շարքում կան պատանիների և երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Ցանկանում եմ փորձել նրանց արդեն այս տարիքային խմբում։ Սա նաև մրցափորձը հարստացնելու լավ առիթ է նրանց համար»,- նշեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Ռյազանում Հայաստանը ներկայացնելու են Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը և Հայկ Մելիքյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ): Թիմին մրցավայր են ուղեկցելու Արմեն Բաբալարյանը և Մովսես Կարապետյանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ