-Պաժա՜ռ, պաժա՜ռ, պաժա՜ռ:
-Ո՞ւրդի է պաժառ։
-Էստի՜ է պաժառ, էստի՜, աղունակ ջան։
Համո Բեկնազարյանի «Պեպոյի» այս հատվածով և Դուդուլիի դերով ընթերցողը հնարավոր է հիշի Արմեն Գուլակյանին:
1899 թվականի հոկտեմբերի 20-ին Թիֆլիսում է ծնվել Արամ Կարապետի Գուլակյանը, ում հետագայում պետք է կոչեին «Արմեն Գուլակյան» բեմական անվամբ: «Fast News Culture»-ը ներկայացնում է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության մանրամասները, ինչպես նաև Արմեն Ջիգարխանյանի և Խորեն Աբրահամյանի անկեղծ խոստովանությունն ուղղված իրենց ուսուցչին:
Արմեն Գուլակյանի հայրը ծնվել է Իջևանի Խաշթառակ գյուղում: Մասնագիտությամբ կոշկակար էր։ Նախնական կրթությունը ստացել է քաղաքային տարրական դպրոցում, ապա 1921 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Մասնակցել է դպրոցական և հայկական դրամատիկական խմբի ներկայացումներին։ Մշտապես հաճախել է Զուբալովի տան դրամատիկական սեկցիան և մասնակցել նրա աշխատանքներին։ 1917 թվականին առաջին անգամ եղել է Օ. Սևումյանի ստուդիայում։ Գուլակյանի ռեժիսուրայի առաջին ուսուցիչը եղել է հենց Սևումյանը, իսկ Գուլակյանը՝ նրա ուշիմ և ընդունակ աշակերտը։ 1918-ին նա աշակերտել է Ամո-Խարազյանի թատրոն-ստուդիայում։ 1921 թվականին Թիֆլիսում հիմնադրվել է Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոնը» Լևոն Քալանթարի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ: Գուլակյանն այդ թատրոնում աշխատել է իբրև դերասան և ռեժիսորի օգնական։
1921-1924 թվականներին Գուլակյանը սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։ Աշակերտել է Սերաֆիմա Բիրմանի, Յուրի Զավադսկու, Գեորգի Բուրջալովի, Սուրեն Խաչատրյանի, Բորիս Շչուկինի, Ռուբեն Սիմոնովի մոտ։ Միաժամանակ մասնավոր դասեր է անցել Վ. Տատարինովի մոտ, հետևել է Վախթանգովի ստուդիայի, Ա. Թաիրովի Կամերային թատրոնի, Վ. Մեյերխոլդի թատրոնի ներկայացումներին։ Կ. Ստանիսլավսկու ուսմունքը Գուլակյանի համար եղել է թատերական արվեստի անսասան հիմք։ 1925 թվականին վերադառնում է Թիֆլիս, ընդունվում՝ հայկական թատրոն, սկզբում իբրև տեխնիկական, ապա՝ որպես երկրորդ ռեժիսոր։ Նրան հաջողվել է Թիֆլիսի հայկական թատրոնի խաղացանկ մտցնել Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» պիեսը՝ վերականգնելով Մոսկովյան ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրությունը։

1926 թվականին Գուլակյանն առողջական խնդիրների պատճառով ստիպված բնակվում է Դիլիջանում։ Երևանում և Դիիլիջանում կազմակերպում է «Երևանի բանվորական շրջիկ թատրոն», ինքն էլ գրում է սցենարները, բեմադրում և մասնակցում բեմադրությանն իբրև դերասան։Սակայն նրա նպատակը շարունակում է մնալ մեծ բեմը։ Ապաքինվելուն պես, Գուլակյանը տեղափոխվել է Երևան և ընդունվել Առաջին պետթատրոն։ 1927-ից՝ մայր թատրոնի ռեժիսոր, այնուհետև, որոշակի ընդմիջումներով գլխավոր ռեժիսոր: Նույն թվականին էլ առաջին անգամ բեմադրել է Գ. Սունդուկյանի «Խաթաբալան», այնուհետև՝ «Պեպոն», հաջորդ վճռական քայլը Շեքսպիրի «Մակբեթն» էր: Հաջորդում են տասնյակ այլ հնչեղ բեմադրություններ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», «Ինգա», «Ամպրոպ», «Քանդած օջախ», «Ցասում» և այլն:

Արմեն Գուլակյանը, որպես գլխավոր ռեժիսոր, իր ձեռագիրն է թողել նաև օպերայի և բալետի թատրոնում՝ իր առաջին իսկ բեմադրություններով կյանքի կոչելով անսամբլային ներկայացումներ՝ «Անուշ», «Օթելլո», «Աիդա», «Դիմակահանդես», «Կենդանի դիակ» և այլն:
Վաստակաշատ բեմադրիչը նաև գրչի մարդ էր, պիեսների հեղինակ: Այդուհանդերձ, անառարկելիորեն նա իր «վրանն» էր խփելու հայ բեմարվեստի մեծերի կողքին՝ անջնջելի թողնելով ասելիքի սեփական ոճն ու արվեստագետի սեփական ձեռագիրը:

Գուլակյանի ուսանողներն են եղել Խորեն Աբրահամյանը, Արմեն Խոստիկյանը, Արմեն Ջիգարխանյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանը, Ֆրունզե Դովլաթյանը։ Մետաքսյա Սիմոնյանի բեմական տաղանդը բացահայտել է Գուլակյանը, Լենինականից Մհեր Մկրտչյանին Սունդուկյան թատրոն բերել է Գուլակյանը: Նա այն եզակիներից է, ով որպես մանկավարժ պաշտամունքի առարկա է եղել իր ուսանողների համար:
«Իմ կյանքում մի ուսուցիչ է եղել՝ Արմեն Գուլակյանը։ Նա բոլոր առումներով պրոֆեսոր էր։ Նա չէր պահանջում մեր ունակությունների վայրկենական դրսևորում, այլ պարտադրում էր աշխատել։ Գիտեր ոգեշնչման գինը, սակայն մեզ սովորեցնում էր աշխատել»: (Արմեն Ջիգարխանյան)
«Նա մեզ ասում էր. «Ինձ չի հետաքրքրում ոչ ոքի տաղանդը, այլ միայն ճիշտ աշխատանքը։ Ճիշտ աշխատանքի դեպքում տաղանդը կդրսևորվի»: Արմեն Գուլակյանն ամենապրոֆեսիոնալ մարդն էր մեր պետական թատրոնում»: (թատերագետ Հենրիկ Հովհաննիսյան)

«Արմեն Գուլակյանին համարում եմ իմ ուսուցիչը՝ ոչ միայն արվեստի, այլև կյանքի։ Անսահման պատկառանք, սեր ու հարգանք եմ ունեցել նրա նկատմամբ։ Նա այն մարդկանցից չէր, որ ասեր՝ ինձ պետք է հարգեք։ Նրան չհարգել ու նրանից չամաչել հնարավոր չէր։ Բախտս բերեց, Գուլակյանն ինձ վերցրեց իր կուրս: Ասում եմ` բախտս բերեց, որովհետև Գուլակյանը հեշտ ու հանգիստ մարդ վերցնող չէր: Մյուս կողմից` բախտս բերեց, քանի որ Գուլակյանից ավելի մեծ մանկավարժ, գոնե ինձ, հայտնի չէ: Թե՛ մեզ մոտ, թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում Գուլակյանի նման մանկավարժի չեմ հանդիպել: Զարմանալի նպատակասլաց մարդ էր, զարմանալի հետևում էր կարգապահությանը: Իհարկե, ստեղծագործական, իհարկե, աշխատանքային, առանց որոնց ոչնչի հնարավոր չէ հասնել: Փորձի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամեն ինչ կազմակերպված էր, և այդ կազմակերպվածությունը մի արդարացում ուներ, այն խորապես ստեղծագործական էր…
Մի անգամ Քալանթարի դասն էի խանգարել, Գուլակյանը մտավ մեր լսարան, նայեց ինձ ու ասաց. «Լսե՛ք, Աբրահամյան, ասում են դուք խանգարել եք Քալանթարի դասը։ Ծեր և հիվանդ մարդու դասը խանգարելը դեռ տղամարդկություն չէ, կարո՞ղ եք իմ դասը խանգարեք»։ Վերջ, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր և ես հասկացա, որ իսկապես չի կարելի դիմացինի թուլությունից օգտվել ու «օյիններ» սարքել։ Նույնիսկ դրսում մենք ազատ չէինք մեր պահվածքում: Մենք մեզ թատերական ինստիտուտի ուսանողի պես պիտի պահեինք, այլ ոչ թե կոտրատվեինք: Կտրականապես արգելվում էր պատեհ առիթներին արտասանելը: Այնքան իմաստուն էր, որ հենց առաջին կուրսի վերջից, այսինքն՝ 1947-1948 թթ. մեզ տարավ թատրոն: Լինելով մեծ մանկավարժ՝ նա հասկանում էր, որ թատրոնն իր օրենքներն ունի և միշտ չէ, որ կապվում է բոլորի հետ, ինչ մենք սովորում ենք: Մինչև այսօր, երբ հայտնվում եմ բարդ կացությունում, մտովի զրուցում եմ նրա հետ: Մտածում եմ` էս ու էն դեպքում նա ինչպե՞ս կվարվեր, ի՞նչ կաներ: Նա ինձ համար ամբողջ կյանքում ուսուցիչ դարձավ, բառիս ամենատարողունակ իմաստով …»։ (Խորեն Աբրահամյան)
Սկզբնաղբյուրը՝ ՕՐԱԳԻՐ.NEWS


