Logo

Արմեն Խաչատրյան․ Երբ մի բան մոտս չէր ստացվում՝ ինքս ինձ ասում էի՝ դժվարությունները պետք է հաղթահարել

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
12:42 / 27.07.2023Զրույցներ
Բացառիկ
Արմեն Խաչատրյան-բալետ արտիստ

VNews Culture-ի զրուցակիցն է Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաքի բալետային թատրոնի առաջատար մենակատար Արմեն Խաչատրյանը:

Արմեն, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար:

-Ես եմ շնորհակալ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց Ձեր շարքում ընդգրկվել: Շատ լավ միտք է՝ մի նախագծում հավաքել բալետի բոլոր հայ արտիստներին: Շատ լավ գործ եք անում: Հայաստանում շատերը չգիտեն մեր մասին, այն արտիստների մասին, որոնք դրսում են պարում կամ պարել, այն արտիստների մասին, որոնք Երևանի բեմում են պարել: Ու Ձեր նախագիծը եզակի հնարավորություն է, որ մեր մասին իմանան:

Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանում շատ քչերն են տեղյակ բալետային կյանքի մասին, ու նաև արտասահմանյան բեմերում պարող հայ արտիստներից շատերի մասին գրեթե ոչ ոք չգիտի:

-Շատ դժվար հարց եք տալիս: Շատ ճիշտ նկատեցիք, որ բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք և՛ Հայաստանում, և՛ դրսում, որոնք մեծ հաջողություններ են ունեցել: Երևի մենթալիտետի խնդիր է: Այսօր շատ տղաներ չեն գալիս հենց բալետի բաժին: Շատերը ցանկանում են ժողովրդական պարեր պարել, բայց հենց կոնկրետ բալետ պարողները շատ քիչ են, և տարեցտարի թիվը նվազում է:

Դուք նկատի ունեք պարողների՞ն:

-Այո, պարողներին:

Արմեն Խաչատրյան-բալետ1

Իմ հարցը վերաբերում էր հենց հասարակությանը, ավելի լայն շերտերին: Ո՞րն է խնդիրը, որ մեր հասարակությունը չգիտի կամ գրեթե չգիտի այն արտիստների մասին, որոնք Եվրոպայում կամ ԱՄՆ-ում լավագույն բեմերում են պարել կամ պարում: Արդյո՞ք մենք որպես ազգ այլևս այդ մշակույթի կրողը չենք:

-Արժեքային համակարգում է ահագին բան փոխվել: Թեպետ մենք ունենք հրաշալի թատրոն, հրաշալի բալետային թատերախումբ, ունենք ֆանտաստիկ բալետներ` «Սպարտակ», «Գայանե»  և այլն: Ու մենք, այո՛, այդ մշակույթի կրողն ենք եղել: Ապացուցել ենք, որ կարող ենք շատ լավ պարել: Բայց, երևի թե, ճիշտ նկատեցիք՝ այսօր արժեքներն են փոխվել, ու ընդհանրապես չգիտեմ հիմա Երևանում ինչպես է, ես շատ վաղուց Երևանում չեմ ապրում, բայց այն ժամանակ մարդիկ շատ քիչ էին գնում ներկայացումների: Առհասարակ, թատրոն կամ թանգարան շատ քիչ էին հաճախում:

Որպես արվեստագետ, որպես «ներսի մարդ»` ունե՞ք դեղատոմս: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի հետաքրքրությունը դեպի դասական արվեստն ավելի շատ լինի:

-Իմ կարծիքով` դա պետք է սկսվի ընտանիքից, դպրոցից: Ծնողները պետք է երեխաներին ավելի վաղ տարիքից տանեն թատրոն, թանգարան, համերգների, բալետային ներկայացումների:

Դուք երկար տարիներ ապրում եք Գերմանիայում:

-Այո, մեկնել եմ 2006 թվականին ու մնացել:

Գերմանիայում ինչպիսի՞ն է վերաբերմունքը դասական արվեստի, դասական երաժշտության հանդեպ: Կարո՞ղ ենք Հայաստանի հետ համեմատական անցկացնել:

-Գերմանիայում թատրոնները, բալետային թատրոնները շատ-շատ են: Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, ընդամենը 60.000 բնակչությամբ քաղաք է: Բայց կա բալետային թատրոն: Գերմանիայում բալետը շատ է ընդունված, ու անգամ շատ փոքր քաղաքներում կան բալետային թատրոններ: Ոճերը տարբեր են, շատ բազմագույն են ներկայացումները: Ու հենց լավն այն է, որ տարբեր ոճեր կան, հետաքրքրությունը շատ է:

Արմեն Խաչատրյան-բալետ2

Երևանում այն տեսակետը կա, որ բալետը եկամտաբեր չէ, ու դրանով է պայմանավորված, որ պարողների մոտ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ բալետով զբաղվելու: Գերմանիայո՞ւմ ինչպես է:

-Նույնն է (Ծիծաղում է - Հեղ․): Բալետի արտիստները միլիոնատերեր չեն: Ու բացի նրանից, որ արվեստը եկամտաբեր չէ, նաև շատ կարճ է մեր ստեղծագործական կյանքը: Բալետից հետո բոլոր արտիստները պետք է մեկ այլ մասնագիտություն գտնեն կամ շարունակեն պարի գծով, բայց ուղղությունը փոխեն: Բալետային կյանքը շատ կարճ է, ցավոք: Շատ կարճ է, ու ճանապարհն էլ հեշտ չէ, չարչարանքն ահռելի է:

Իսկ արժե՞ն այն տանջանքները, որ բալետի արտիստն ապրում է` ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական: Ու, բացի այդ, ստեղծագործական կյանքն էլ, բեմի վայելքն էլ շատ կարճ է:

-Վայելքը կարճ է, բայց այդ վայելքն անփոխարինելի է: Ձեր հարցին կպատասխանեմ, որ իհարկե, արժե: Ընդհանրապես բեմում լինելը բառերով չեմ կարողանամ նկարագրել: Չէէ, միանշանակ արժե․․․․Շատ գեղեցիկ արվեստ է բալետը: Ընդհանրապես արվեստը գեղեցիկ է, ոչ միայն բալետը՝ նկարչություն, երաժշտություն, օպերա: Արվեստն այլ աշխարհ է:

Իսկ Դուք ինչպե՞ս եկաք այն մտքին, որ ցանկանում եք դառնալ բալետի արտիստ:

-Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ կարող եմ դառնալ բալետի արտիստ: Պատահական է ամեն ինչ ստացվել: Ես ու մայրս Երևանում գնացինք «Ժիզել» բալետը դիտելու: Ես 8 տարեկան էի, ու երբ ներկայացումն ավարտվեց, ինքս ինձ ասացի, որ ես էլ կարող եմ փորձել: Օպերային կից բալետային խմբակ կար, ու այնտեղից սկսվեց իմ կրթությունը: Հետո արդեն ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան: Բայց այնպես չէ, որ բալետի հանդեպ սերն առաջին հայացքից էր: Ես ուղղակի ինքս ինձ ասացի՝ կփորձեմ: Փոքր տարիքում շատ աշխույժ երեխա էի, ու բակային բոլոր խաղերը սիրում էի խաղալ: Ու բալետից առաջ ես նաև կարատեով էի զբաղվում: Սկզբում բալետը ժամանակավոր էր ինձ համար, զուտ փորձելու համար: Փորձեցի, ու մինչ օրս բալետի մեջ եմ (Ծիծաղում է - Հեղ․):

Արմեն Խաչատրյան-բալետ3

Պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո հրավեր ստացաք ու մեկնեցիք Մյունխեն:

-Այո, 17 տարեկան էի: Մյունխենի բալետի ակադեմիական դպրոցում երեք տարի սովորեցի, որից հետո պայմանագիր կնքեցի, ու 2009 թվականից աշխատում եմ այստեղ:

Դա թինեյջերական տարիք է, երբ մարդը դեռ վերջնականապես չի հասունացել․․․

-Այո, ու այդ տարիքում միայնակ մեկնելն այլ երկիր, այնտեղ սովորելն ու հետո աշխատելը շատ դժվար է: Առաջին անգամ էի արտերկրում: Առաջին տարիները շատ բարդ էին, հետո ընտելանում ես, սովորում:

Պատահե՞լ է, որ այդ ծանրաբեռնվածությունից, դժվարությունից ինքներդ Ձեզ հետ անկեղծ խոսեք ու ասեք՝ «Գուցե սխալվե՞լ եմ»:

-Իհարկե, երբ նոր էի գնացել, ամեն ինչ օտար էր, խորթ, ու երբեմն դժվարությունից ինքս ինձ ասում էի՝ վե'րջ, թողնում եմ ամեն ինչ ու վերադառնամ Երևան: Տարբեր մտքեր են գալիս: Բայց այդ դժվար պահերին ինձ շատ օգնեցին ծնողներս, ընտանիքս: Նրանք միշտ իմ կողքին էին:

Ի՞նչն էր Ձեզ ամեն անգամ հետ պահում այդ վերջնական որոշումից:

-Չհանձնվելը: Երբ մի բան մոտս չէր ստացվում՝ ինքս ինձ ասում էի, որ դժվարությունները պետք է հաղթահարել:

Հաղթահարել հանուն ինչի՞:

-Հանուն երազանքի, հանուն բալետի արտիստ դառնալու, հանուն բեմում պարելու: Ինձ համար մոտիվացիա էր կրթություն ստանալն ու հետո աշխատանք գտնելը:

Հիշո՞ւմ եք Ձեր առաջին բեմելը Գերմանիայում:

-Հիշում եմ: Առաջին լուրջ ներկայացումը Մյունխենում էր: Առաջին պատասխանատու դերը «Դոն Կիխոտ» բալետում Բազիլիոյի դերն էր: Շատ դժվար էր, մեծ էր անհանգստությունը: Ու շատ լավ փորձ էր ինձ համար:

Արմեն Խաչատրյան-բալետ4

Այդ անհանգստությունն ինչպե՞ս եք հաղթահարում: Պարզ է՝ տեխնիկական վարպետությունն անընդհատ պարապելով ձեռք եք բերում, բայց շատ կարևոր է հոգեբանորեն ինքներդ Ձեզ հաղթահարելը, զգացմունքները կառավարելը բեմ դուրս գալուց առաջ:

-Սկզբում, երբ փորձ չունես, շատ դժվար է սառը գլխով բեմ դուրս գալ ու չանհանգստանալ: Բայց ժամանակի ընթացքում դա հաղթահարում ես: Ժամանակի ընթացքում արտիստը հասկանում է, որ տեխնիկան ամենակարևորը չէ: Ամենակարևորը դերն է, էմոցիաները, բեմում պահվածքը, շատ այլ մանրուքներ:

Բայց դա էլ ժամանակի հետ է գալիս․․․․

-Իհարկե, միանգամից ոչինչ չի ստացվում, ու միայն փորձի շնորհիվ է, որ կարողանում ես ուշադրություն դարձնել ցանկացած մանր դրվագի: Իհարկե, սխալներ էլ են լինում: Անհնար է, որ բեմում արտիստը սխալներ գործած չլինի: Բեմում ամեն ինչ կարող է պատահել, բայց կարևորը՝ չհուսահատվել ու շարունակել:

Դուք էլ Ձեր խոսքում ու գրեթե բոլոր արտիստներն էլ խոստովանում են, որ բեմում յուրաքանչյուրն էլ կարող է սխալվել, սայթաքել, շարժումը ճիշտ չանել: Ու չպետք է հուսահատվել: Ու քանի որ յուրաքանչյուր արտիստ առաջին հերթին ինքն իր հոգեբանն է, ներկայացումից հետո, երբ մնում է ինքն իր հետ, սկսում է անկեղծորեն վերլուծել՝ «ինչո՞ւ այդպես եղավ», «ի՞նչը սխալ արեցի կամ չարեցի»: Նորից սխալվելու վախն ինչպե՞ս եք հաղթահարում:

-Շատ ճիշտ նկատեցիք․ իսկապես այդպես է: Մենք և՛ մեր հոգեբանն ենք, և՛ մեր դատավորը: Կա ժամանակ, երբ որպես արտիստ շատ անվստահ ես: Ու այդ անվստահությունից սխալվում ես: Բայց ժամանակի ընթացքում վերլուծում ես, մշակում ու անընդհատ փորձելով` այդ սխալն էլ չես անում:

Ունեցե՞լ եք փորձ, երբ բեմում ընկել եք:

-Իհարկե, ես էլ եմ մարդ, ես էլ կարող եմ սխալվել (Ծիծաղում է - Հեղ․): Իհարկե, երբ բեմում ընկնում ես, մի-փոքր շոկ ես ապրում, այդ ժամանակ չես կարող ոչինչ անել: Ներկայացումը շարունակվում է, ու պետք է արագ ոտքի կանգնես, շարունակես քո պարն ու չհիշես, թե մի քանի վայրկյան առաջ ինչ կատարվեց: Պետք է շարունակես ներկայացնել քո դերը հանդիսատեսին: Սայթաքելով` բալետը չի վերջանում, հերոսը չի մեռնում: Սայթաքե՞լ ես, ոչինչ, կանգնի՛ր ու շարունակի՛ր:

Արմեն Խաչատրյան-բալետ5

Բեմ դուրս գալուց առաջ ամենաշատն ինչի՞ մասին եք մտածում:

-Կերպարի: Իհարկե, տեխնիկան նույնպես կարևոր է, բայց ինձ համար առաջնայինը կերպարն է, որ ճիշտ մատուցեմ հանդիսատեսին:

Իսկ մտավախություն երբևէ չի՞ եղել, որ դահլիճում նստած է 1500 հոգի, ու յուրաքանչյուրը յուրովի կընկալի Ձեր մատուցածը․ գուցե շատերը ճիշտը չհասկանան:

-Երբեք այդ մասին չեմ մտածում: Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում, ու պետք չէ մտածել, թե հանդիսատեսը ոնց կմտածի: Կարիք չկա մտածել քննադատության կամ բացասականի մասին: Կարևորը ներքինն է, հոգուդ զգացողությունները՝ ինչպե՞ս պատրաստվես ու դերն ինչպե՞ս մատուցես, ի՞նչ էմոցիաներ փոխանցես:

Գոհ լինո՞ւմ եք Ձեր ներկայացումներից:

-Օր կա՝ դուր է գալիս իմ պարը, օր կա՝ չէ: Մենք մեքենա չենք, ու ամեն մի ներկայացում նույնը չէ: Ամեն ներկայացում մեծ պրոցես է, ու, իհարկե, միշտ կարող ես ավելի լավ անել, ավելի լավ պարել: Ամեն օր աշխատում ենք, որ ավելի լավը լինի մեր պարը:

Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ տարիներ առաջ երազանքը, չհանձնվելու մոտիվացիան այն էր, որ ավարտեք ու թատրոնում ունենաք աշխատանք: Դուք տարիներ շարունակ թատրոնի առաջատար մենակատար եք, բոլոր ներկայացումներում գլխավոր դերեր եք կատարում: Ե՞րբ հասկացաք, որ մոտենում եք Ձեր երազանքին:

-Անընդհատ մոտենում եմ: Կարևորը` չընկճվել, չհուսահատվել ու միշտ առաջ գնալ:

Արմեն Խաչատրյան-բալետ6

Բալետի արտիստի կարիերան շատ կարճ է, ու գալիս է մի տարիք, երբ տեխնիկապես այլևս անհնար է պարել այնպես, ինչպես պարել եք, օրինակ, երկու տարի առաջ: Ինչպե՞ս եք Ձեզ պատրաստում բեմից հեռանալու մտքին:

-Յուրաքանչյուր արտիստ ինքն է հասկանում՝ երբ հեռանա: Յուրաքանչյուրն ունի իր ուղին, իր ժամանակը: Ես դեռ չեմ մտածում բեմից հեռանալու մասին: Այս պահին ես ուզում եմ հաճույք ստանալ իմ պարից, բեմից: Չեմ ուզում մտածել այդ ուղղությամբ, բայց, իհարկե, կգա պահը, որ կսկսեմ մտածել այդ մասին: Բալետի կարիերան ավարտելուց հետո չեմ ուզում մնալ թատրոնում: Ես ուզում եմ նոր բան սովորել, ուրիշ գործ անել: Յուրաքանչյուրն ունի իր ուղին ու նպատակները, թե ինչ է ուզում անել արտիստի կարիերան ավարտելուց հետո: Ես ունեմ իմ նպատակները` թե՛ բալետի հետ կապված, թե՛ այլ նպատակներ: Նպատակների մասին չհարցնեք (Ծիծաղում է - Հեղ․): Չեմ սիրում նախապես խոսել: Պետք է նպատակներ ունենալ ու անել: Խոսելն այդքան էլ ճիշտ չէ:

Կա՞ն բալետի հետ կապված երազանքներ: Օրինակ` դեր, որ չեք պարել, բաց երազում եք պարել կամ թատրոններ, որտեղ կուզեիք պարել:

-Շատ լավ հարց է: Ինձ համար կարևորը պրոցեսն է: Ես մինչև վերջ չեմ հայտնաբերել պարը, և այդ ընթացքն ինձ շատ հետաքրքիր է: Այնպես չէ, որ ես պարում եմ ու ամեն ինչ հայտնագործել եմ: Ամեն օր խորեոգրաֆների հետ աշխատելիս մի նոր բան եմ հայտնաբերում ինձ համար: Ու դա ինձ հետաքրքիր է: Իսկ ինչ վերաբերում է երազանքի դերերին՝ ես երազանքի դերեր չունեմ:

Արմեն Խաչատրյան-բալետ7

Երևանի թատրոնի հետ կապ, պլաններ կա՞ն:

-Չէ, ցավոք, կապ չկա, պլաններ էլ չկան, բայց դե ապագան մեծ է՝ չգիտես` հաջորդ վայրկյանին ինչ կլինի:

Երբ տասնյոթ տարեկանում մեկնում էիք Մյունխեն, ունեի՞ք թեկուզ մշուշոտ պատկերացում՝ ուր կհասնեք:

-Ընդհանրապես պատկերացում չունեի: Ինձ համար վերածնունդ էր: Ես ընդհանրապես չէի կարող պատկերացնել, որ կապրեմ Գերմանիայում, չէի կարող պատկերացնել, որ կպարեմ թատրոնում:

Այսօր այն տասնյոթ-տասնութ տարեկան արտիստներին, որոնք նոր-նոր են մտնում բալետի աշխարհ ու կկարդան մեր այս հարցազրույցը, իրենց ի՞նչ խորհուրդ կտաք:

-Պարային բոլոր ուղղություններով լինել բաց ու միշտ ձգտել նորին, առավելագույնին:  Այսպես ասած` Open mind լինել բոլոր ուղղություններով, բոլոր ոճերով: Նաև լինել հոգեպես ուժեղ: Մենք մարդիկ ենք, ունենում ենք դժվար պահեր: Բայց դե չպետք է ընկճվել ու հուսահատվել: Միշտ պետք է առաջ նայել:

Ձեր խոսքում պարբերաբար կրկնում եք, որ ունեցել եք դժվար պահեր: Դժվար պահերը միայն բալետո՞ւմ են եղել, թե՞ նաև անձնական կյանքում:

-Ե՛վ անձնական կյանքում, և՛ բալետային կյանքում: Այդ դժվարություններն ինձ շատ են փոխել: Չեմ կարող ասել` այդ դժվարություններն ինձ դեպի լավն են փոխել, թե վատը: Դժվարություններից այլ մարդ եմ դարձել:

Ավելի ուժե՞ղ, ավելի դիմացկո՞ւն:

-Երևի:

Իսկ բալետը Ձեզ փոխե՞լ է:

-Չէ, բալետն ինձ չի փոխել: Մենք բալետի արտիստ ենք, բայց մենք նաև անձնական կյանք ունենք, այլ հետաքրքրություններ: Բալետն ինձ շատ բան է տվել, բայց ինձ չի փոխել:

 

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Դավիթ Վարդանյան․ Մենք ֆանատիկ էինք,  ահավոր աշխատասեր, ժամերով դահլիճից դուրս չէինք գալիս

Գևորգ Խաչատրյան. Երևանում ասացին, որ ինձ հետ հույսեր չեն կապում, Գրինսբորոյի բալետում դարձա մենակատար

Էդգար Սամվելյան․ Մի օր եկա որոշման, որ ուզում եմ դառնալ բալետի արտիստ, ոչ թե հիփ-հոփ պարող

Արսեն Ազատյան․ Ամենակարևորը, թե քո պարով հանդիսատեսն ի՞նչ էմոցիա է ապրում

Ազատ Ղարիբյան․ Ինձ նվիրեց պապիկիս մատանին ու ասաց, որ այսօրվանից արժանի եմ կրել «Ազատ Ղարիբյան» անունը

Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»

Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար

Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ