Լուսանկարում սուսերամարտիկ ամուսնու հետ
VNews Culture-ի զրուցակիցն է Ռումինիայի օպերայի և բալետի ազգային թատրոնի պարուհի Արմինա Խաչատրյանը:
Արմինայի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․
Դուք ծնվել եք Երևանում, բայց 2 տարեկանում տեղափոխվել եք Իսրայել:
-Ծնվել եմ Աշտարակում: Մեծ եղբայրս առողջական խնդիրներ ուներ, ու շտապ վիրահատության կարիք կար: ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, Հայաստանում էներգետիկ ճգնաժամ էր, հիվանդանոցներում շատ վատ վիճակ էր: Բժիշկներն ասացին, որ եղբորս կյանքը փրկելու համար պետք է նրան շտապ տեղափոխել Իսրայել կամ Գերմանիա: Հորական կողմից տատիկս հրեա է՝ Հոլոքոստից է փրկվել․ պապիկս փրկել է նրան ու բերել Հայաստան: Եվ ընտանիքս որոշեց տեղափոխվել Իսրայել: Եղբայրս այնտեղ բուժում ստացավ բավական երկար ժամանակ, ու այդպես մնացինք Իսրայելում: Երբ եկանք Իսրայել՝ ոչինչ չունեինք, ծնողներս միանգամից մի քանի աշխատավայրում էին աշխատում, որ կարողանային մեզ պահել: Այդպես ես հայտնվեցի Իսրայելում:

Դուք մի անգամ ասել եք, որ պարով սկսել եք զբաղվել 7 տարեկանից։
-Շատ հիպերակտիվ եմ եղել, այսպես ասած՝ «սնդիկ երեխա», անընդհատ շարժվում էի, երգում, պարում, ու տատիկս որոշեց ինձ տանել պարի: Ես պարը շատ էի սիրում, բայց քանի որ հարթաթաթ էի՝ ուսուցիչներս խորհուրդ չէին տալիս, որ ապագայում բալետով զբաղվեի: Փոքր տարիքից հույս չունեի, որ կկարողանամ դառնալ բալետի արտիստուհի, դրա համար էլ ավելի լուրջ չէի զբաղվում պարով, այլ սիրողական ստուդիաներում էի պարում: Բայց սիրողական ասելով՝ շաբաթը յոթ օր, օրական չորս ժամ ես պարով էի զբաղվում: Մինչև 12 տարեկան ինձ անընդհատ ասում էին, որ «թաթերդ լավը չեն», «պետք չէ բալետով զբաղվել», «դու բալետի պարուհի չես դառնա»:
Այդ խոսքերը Ձեզ չէի՞ն կոտրում:
-Դե, իհարկե, հուսահատվում էի, բայց ինքս ինձ անընդհատ ասում էի, որ պետք է ուժեղ մնամ, որ պետք է չհանձնվեմ: Անկեղծ ասած՝ մանուկ հասակում երբեք բալետային ներկայացումների չէի եղել: Ութ տարեկան էի, մայրիկիս «վիդեոկասետ» էին տվել՝ Շոպենի, Չայկովսկու ու այլ դասականների երաժշտություններն էին։ Ու երբ առաջին անգամ լսեցի՝ շատ էի հուզվել: Ժամերով այդ երաժշտությունը լսում էի: «Մարդուկ-Ջարդուկ»-ի երաժշտությունը լսում էի ու երազում, պատկերացնում, թե ինչպես կարող եմ այդ երաժշտության տակ պարել: Երբ ավելի մեծացա, ստուդիայում «Մարդուկ-Ջարդուկ»-ի վալսն էինք պարում, բայց ոչ պուանտների վրա․ ինձ ասում էին՝ չես կարող պուանտների վրա կանգնել: Իսկ ես երազում էի պուանտների մասին, ու այդ ժամանակ լվացքի մեքենայի հեղուկների պրոբկաները հավաքեցի, մեջը բամբակ դրեցի, ու փորձում էի թաթերիս վրա կանգնել: Ու երազում էի, թե ինչպես կլինեի, եթե իսկապես պուանտ հագնեի: Ես գիտեի, թե որքան դժվարությամբ են ծնողներս գումար վաստակում: Մի անգամ հայրս աշխատանքից այնքան հոգնած էր եկել, որ աստիճանի վրա էր քնել ու չէր կարողացել բարձրանալ չորրորդ հարկ, և չէի ուզում, որ ինձ պուանտներ առնեին, քանի որ շատ թանկ էին: Մի օր քրոջս ընկերուհին, որ բալետով էր զբաղվում, ասաց․ «Ես պուանտներ ունեմ, ես քեզ կնվիրեմ»: Հագած, մաշված պուանտներ էին, ու ինձ վրա շատ փոքր էին, բայց ես այնքան էի ուրախացել, որ ամբողջ օրը հագնում էի: Պուանտները ոտքերիս փոքր էին, ու ցավից վերքեր էին առաջացել, ոտքերս արյունլվիկ էին դարձել, ես անգամ չգիտեի՝ ճիշտ եմ հագնում, թե սխալ: Բայց այնքան ուրախ էի, որ պուանտներ ունեմ:
Դուք շատ վաղ հասակից սկսել եք աշխատել տարբեր պարային շոուներում:
-Այո, 12 տարեկանից սկսեցի մասնակցել տարբեր պարային շոուների: Մասնակցում էինք խնջույքների, ու տարբեր ոճերի պարեր էինք պարում՝ ջազ, հիփ-հոփ, ու գումար էինք վաստակում: Իհարկե, բալետի պարապմունքները շարունակում էի, բայց չէի մտածում, որ մի կարող էր լուրջ բան դառնալ: Երբ 16 տարեկան էի, Իսրայելում մասնակցեցի «Պարիր, թե կարող ես» նախագծին ու անգամ առաջին փուլը չանցա․ ժյուրին ասաց, որ դեռ շատ բան ունեմ սովորելու: Երբ եկա տուն՝ լացեցի, բայց մտքումս ասացի, որ էլի կփորձեմ, ու ինքս ինձ խոսք տվեցի, որ հաջորդ անգամ գոնե առաջին կամ երկրորդ փուլերը կանցնեմ: Կարող էի շատ հեշտ կոտրվել, բայց այս դեպքերի շնորհիվ ինքս ինձ ձիգ էի պահում ու հավատում, որ մի օր կդառնամ բալետի պարուհի:

Դուք նաև զինվորական ծառայություն եք անցել Իսրայելում: Զինվորական ծառայությունն ու բալետը միմյանց չէի՞ն խանգարում:
-Տասնութ տարեկան էի ու շատ ոգևորված, որ պետք է գնամ զինվորական ծառայության: Այդ ժամանակ մտքովս չէր անցնում, որ կարող է մի օր բալետի պարուհի դառնամ: Փոքր տարիքից Իսրայելում սովորեցնում են, որ պետք է ծառայել ու պաշտպանել հայրենիքը ու, անկեղծ ասած, մեծ ոգևորությամբ էի սպասում զինվորական ծառայությանը: Ծառայության ընթացքում ճանաչվեցի լավագույն զինվոր:
Դժվար չէ՞ կնոջ համար զինվորական ծառայություն անցնելը:
-Ես այնպիսի մարդ եմ, որ դժվարություններից չեմ վախենում, ավելին, ես սպասում էի, որ դժվար է լինելու: Ես շատ էի ուզում լավ բան անել երկրի համար: Իհարկե, դժվարություններ շատ են եղել: Մի դեպք կպատմեմ: Դիրքում հերթապահության ժամանակ հասկացա, որ եթե անգամ թշնամին կանգնի իմ առաջ, ես չեմ կարող կրակել: Ինձ մոտ վախ էր մտել: Ինչ-որ մարդ էր վազում դեպի մեզ, ինձ թվաց՝ ահաբեկիչ է, բայց պարզվեց, որ դա այդպես չէ, ու շատ ուրախ էի: Ծառայության անցնելուց կես տարի հետո ես զգում էի, որ ինձ մոտ ինչ-որ բան պակասում էր, ու հասկացա, որ դա պարն է: Օրեր կային, երբ ավելի շուտ էին թողնում տուն գնալ, ու ես որոշեցի գնալ Երուսաղեմ՝ պարի դասերի: Մտածում էի՝ գոնե հոգիս լավ զգա: Երբ պարում եմ, բոլոր խնդիրների մասին մոռանում եմ: Մի անգամ հերթապահությունից հետո որոշել էի գնալ Երուսաղեմ՝ պարի, քույրիկս ասաց՝ «Հոգնած ես, ամբողջ գիշեր հերթապահել ես, ավելի լավ է գնաս տուն ու հանգստանաս», բայց ես ասացի, որ ուզում եմ գնալ ու պարել: Հետո զգացի, որ իսկապես շատ հոգնած եմ, ու որոշեցի չգնալ Երուսաղեմ, բայց քանի որ հեռախոսս անջատվել էր՝ չկարողացա քույրիկիս զգուշացնել, որ պլանները փոխվել են: Հետո պարզվեց, որ ավտոբուսը, որը պետք է նստեի Երուսաղեմում, պայթել էր: Ահաբեկչություն էր եղել:
Այսինքն՝ երջանիկ պատահականությամբ եք փրկվել:
-Հա, երջանիկ պատահականությամբ ողջ եմ մնացել: Այդ ժամին այդ կանգառում պետք է նստեի այդ ավտոբուսը: Երուսաղեմում պարի ուսուցչուհին առաջինն էր, որ ինձ հույս տվեց ու ասաց, որ ծանր աշխատանքի միջոցով կկարողանամ հասնել իմ երազանքին: Ուղղակի պետք է աշխատել ու հավատալ: Տանը նորից սկսեցի պարել, բալետի անհատական դասերի գնացի: Բանակից հետո մոտս ճգնաժամ էր: Ինձ չէի կարողանում գտնել, ու անընդհատ մտածում էի, որ իմ հայկական արմատների մասին ընդհանրապես ոչինչ չգիտեմ: Ճիշտ է, ծնողներս ինձ ստիպում էին հայերեն խոսել, բայց գրագետ հայերեն չգիտեի, քանի որ հրեական դպրոց էի գնացել: Տասը տարեկանում եկել էինք Հայաստան, ու Գառնիում մկրտվել էի, սակայն այդ ժամանակ չէի հասկանում՝ Հայաստանն ինչ է, մկրտությունն ինչ է: Ու այդպես ինձ մոտ ամեն ինչ խառնվել էր իրար: Ես շատ էի ուզում Հայաստան գալ ու հասկանալ ինձ: Տասնութ տարեկանից սկսեցի խաչ կրել, ու պատճառ էի ման գալիս Հայաստան գալու համար: Ես գիտեի, որ ինչ-որ բան էր լինելու Երևանում, զգում էի, բայց դեռ չգիտեի՝ ինչ: Ու, երբ եկա Երևան, ինձ ասացին, որ շուտով «Պարի՛ր, թե կարող ես» մրցույթի որակավորման փուլերն են սկսվելու, ու որ կարող եմ մասնակցել: Ես, իհարկե, համաձայնեցի: Քասթինգը սկսվեց մոտավորապես ութ ամիս հետո, ու ես մնացի Երևանում:

Հետո՞։
-Հենց այդ ժամանակ գնացի Օպերա: Ես չգիտեի Երևանում պարի ստուդիաների մասին, իսկ ինձ հարկավոր էր փորձեր անել, պարապել, որպեսզի այսպես ասած՝ «ֆորմայի մեջ» լինեի: Ինձ խորհուրդ տվեցին, որ ճիշտ կանեմ գնամ Պարարվեստի ուսումնարան ու այնտեղ պարապեմ: Առաջին շրջանն ինձ համար շատ ծանր էր․ առաջին կուրսի աղջիկների հետ էի պարապում, իրենց գիտելիքները շատ լավն էին: Ես բալետի բազմաթիվ վարժություններ չգիտեի ու ամաչում էի ասել, որ այդ վարժությունները երբեք չեմ արել: Ու ամբողջ օրը փորձում էի սովորել, պարապել: Ես քսան տարեկան էի, իսկ կուրսի մնացած աղջիկները՝ տասնվեց, ու ինձանից լավ էին վարժություններն անում: Շատ քիչ գիտելիքներ ունեի: Ու, ճիշտ է, պայքարում էի, բայց երբեմն մտքովս անցնում էր՝ գուցե ես սխալ ճանապարհ եմ ընտրել, գուցե չպետք է դառնամ բալետի արտիստ: Ու ես դարձա առաջին ուսանողը, որ քսան տարեկանում ընդունվեց Պարարվեստի ուսումնարան: Կոպիտ ասած՝ պառավ էի ուսումնարանի համար, բայց մեծ դժվարությամբ ընդունվեցի ուսումնարան: Դա իմ երազանքն էր:

Հաջորդ երազանքը, որ կապված էր «Պարիր, թե կարող ես» նախագծի հետ, նույնպես կատարվեց այդ տարի:
-Այո, ես անցա բոլոր փուլերը: Յուրաքանչյուր փուլից առաջ աղոթում էի, ու յուրաքանչյուր հաղթանակից հետո շնորհակալություն հայտնում Աստծուն: Անցա եզրափակիչ, ու սկսվեց իմ կյանքի ամենաուրախ ու միաժամանակ դաժան օրերը: Այդ ժամանակ օրական քսան ժամ պարում էի: Առավոտյան գնում էի անհատական դասեր վերցնելու, հետո ուսումնարանի պարապմունքը, հետո գնում էի «Պարիր, թե կարող ես»-ի փորձերն էի անում, ու գիշերը ժամը մեկին նոր հասնում էի տուն: Ու, երբ հաղթեցի նախագիծը, ինձ համար հրաշք էր: Ես չէի հավատում, որ դա ինձ հետ է կատարվում:
Ստացվում է՝ Երևանը Ձեր ինքնավստահությունը հետ բերեց, ու պարի հետ կապված երազանքները սկսեցիք հերթով իրականացնել:
-Միանշանակ: Ոչ միայն ինքնավստահությունը: Երևանի շնորհիվ ես իմացա, որ այդքան ուժեղ եմ, բոլոր դռները, որ հնարավոր էր, Հայաստանն ինձ համար բացեց: Նաև ինձ համար մեծ ուրախություն էր հասկանալ՝ հայ լինելն ինչ է, քրիստոնյա լինելն ինչ է: Հրեա լինելը միշտ հասկանում էի, բայց հայ լինելը՝ չէի հասկանում, ու Հայաստանում դա գիտակցեցի:
«Պարիր, թե կարող ես» նախագծում հաղթելուց հետո Դուք մեկնեցիք շրջագայության, որտեղ էլ վնասվածք ստացաք, որը դարձավ ճակատագրական:
-Այո, լուրջ վնասվածք ստացա, ու այդ տարի ուսումնարանում ավարտական քննություն ունեի: Տարբեր բուժումներ ու սրսկումներ էի արել, բայց ոչինչ չէր օգնում: Ավարտական քննությանը, երբ Օպերայից եկել էին արտիստներ ընտրելու, ես կուլիսներում լացում էի ցավից ու այն փաստից, որ չէի կարող իմ լավագույնը ցույց տալ վնասվածքի պատճառով: Ու ինձ չընտրեցին, և դա հասկանալի էր, որովհետև ես լավ չպարեցի: Բայց ես չէի տխրել, քանի որ գիտեի, որ էլի առիթներ կունենամ: Ես չորս տարի շարունակ գնացել եմ Օպերա ու բալետի արտիստների հետ հավասար պարապել եմ: Բայց ամեն անգամ Օպերա ընդունվելը չէր ստացվում: Սկզբում վնասվածքն էր խանգարում, հետո արդեն Օպերայում հաստիք չկար:

Այդ ժամանա՞կ սկսեցիք կամավորական աշխատանքով զբաղվել:
-Այո, երեք թե չորս տարի կամավորական աշխատանքով եմ զբաղվել: Սկզբում մանկատներում պարի դասեր էի տալիս: Ու մի պահ այնքան էի տարվել կամավորական աշխատանքով, որ մոռացել էի, որ իմ գլխավոր նպատակը բալետի պարուհի դառնալն էր: Հենց կամավորական աշխատանքների ժամանակ էլ հանդիպեցի ամուսնուս: Ամուսինս սուսերամարտիկ էր, նա ԱՄՆ-ում է ծնվել ու հայերեն անգամ չգիտեր, ու ինձ պես եկել էր Հայաստան՝ ծանոթանալու իր արմատներին ու հասկանալու, թե ինչ է նշանակում հայ լինել: Այդ ընթացքում Օպերայում մի քանի մոդեռն ներկայացումներում կարողացա պարել: Ռուդոլֆ Խառատյանի «Բոհեմ» ներկայացման մեջ մենապար ունեի, տարբեր համերգների եմ մասնակցել, բայց ես շատ էի ցանկանում օպերային թատրոն ընդունվել աշխատանքի: Ու երբ 27 տարեկան էի, ու վերջին անգամ դիմեցի Օպերա ու չընդունվեցի, անկեղծ ասած, շատ էի կոտրվել: Ու ամուսնուս առաջարկեցի մեկնել այլ երկիր ու այնտեղ փորձել: Ես այլևս ժամանակ չունեի սպասելու: Ավելի քան հազար նամակ եմ ուղարկել աշխարհի ավելի քան 70 թատրոնների: Անկեղծ ասած, ես չէի հավատում որ ինչ-որ բան կստացվի: Բայց հանկարծակի Էստոնիայից պատասխան ստացա, որ թատրոնի տնօրենն ինձ շատ է հավանել ու հրավիրում է ատեստացիայի: Ես ու ամուսինս մեկնեցինք: Ցավոք, ատեստացիան շատ վատ անցավ: Կյանքումս առաջին անգամ էր, որ ես գնացել էի այլ թատրոն, ու դեռ շատ փորձ չունեի բալետի ասպարեզում, ու ընդհանրապես վստահություն չկար: Տնօրենն ինձ շատ վատ խոսքեր ասաց, որ իմ մարմինը լավը չէ, որ ես բալետի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեմ և այլն: Իհարկե, վիրավորական էր: Դրսում ամուսինս էր սպասում: -30 աստիճան էր դրսում, սարսափելի ցուրտ: Նորից շարունակեցի նամակներ ուղարկել: Նիդեռլանդների ժամանակակից թատրոնից հրավեր ունեի: Ինձ ասացին, որ թափուր հաստիք չունեն ու չեն կարող պայմանագիր առաջարկել, բայց հրավիրեցին, որ ես իրենց հետ պարապեմ: Ես անգամ իրենց հետ պարապմունք անելու համար էի շատ ուրախացել: Ու Էստոնիայից հետո գնացինք Նիդեռլանդներ: Ընդհանրապես գումար չունեինք: Ու որոշեցինք մեր հագուստները, այն ամենը, ինչ ունեինք, Էստոնիայի List.am-ով վաճառել: Նիդեռլանդներում մասնակցեցի պարապմունքին, բայց քանի որ պայմանագիր չէին առաջարկում, որոշեցինք մեկնել Իսպանիա, քանի որ այդ ժամանակ Իսպանիայից էլ առաջարկ ունեի: Հետո մեկնեցինք Չեխիա: Ամեն տեղ ինձ ասում էին, որ կա՛մ համապատասխան չեմ, կա՛մ ազատ հաստիք չունեն: Այդպես, երկրից երկիր ենք անցել: Ռումինիայի «Յաշ» թատրոնից հրավեր ունեի, ու երբ ատեստացիան չանցա, ամուսնուս ասացի՝ տոմս գնենք ու վերադառնանք Հայաստան: Ի վերջո չի ստացվում դառնալ բալետի արտիստ, ու մենք արդեն փողոցում էինք մնալու, քանի որ գումար չունեինք: Մի կին մեզ առաջարկեց, որ կամավորական աշխատանք կատարենք՝ փոխարենը մեզ ապրելու տեղ կտա: Մենք համաձայնվեցինք: Ու այդպես ես տարբեր պարային ստուդիաներ գնացի ու խնդրեցի, որ անվճար աշխատեմ իրենց համար, միայն թե ինձ թույլ տան պարապել, որպեսզի ես ֆորմայի մեջ մնայի: Հետո ինձ խորհուրդ տվեցին քաղաքի թատրոններից մեկում պարապել: Ու երբ գնացի պարապելու, բալետմեյստերն ասաց, որ ինձ շատ է հավանել ու շատ կուզի, որ ես իրենց մոտ պարեմ: Դա 2019 թվականն էր: Այդ ժամանակ 28 տարեկան էի:
.png)
Ռուդոլֆ Խառատյանի «Բոհեմ» ներկայացումը
Այսինքն՝ Դուք առաջին անգամ բալետային թատերախմբում որպես բալերինա պարել եք 28 տարեկանում:
-Այո:
.jpg)
Տնօրենի հետ՝ «Դոն Կիխոտ» ներկայացման ժամանակ
Ո՞րն է եղել Ձեր առաջին դերը:
-Տնօրենն ասաց, որ գալա համերգ են բեմադրում և ուզում են, որ ես մենապար պարեմ: Պարել եմ «Դոն Կիխոտ»: Նաև ասաց, որ մեկ ամսից մեկ այլ համերգ էլ կա, ու այդտեղ էլ պետք է ունենամ մենապար, «պա-դե-դե» պարեմ: Ես ապշած նայեցի տնօրենին ու հարցրի․ «Ճի՞շտ եմ հասկացել, ե՞ս պետք է պարեմ»: Ես, որ այդքան երկիր էի անցել, որ ոչ մի տեղ չէին ընդունել աշխատանքի, որ ասել էին, որ բալետի համար չեմ․․․
Այս տարիների ընթացքում ի՞նչ դերեր եք պարել:
-Պարել եմ նաև Բուլղարիայի թատրոնում: «Դոն Կիխոտ», «Կարապի լիճը» ներկայացումներում կորդեբալետում եմ պարել: Նոր-նոր էի սկսել պարել, երբ Քովիդը սկսվեց, ամեն ինչ փակվեց: Հետո, երբ Հայաստանում պատերազմը սկսվեց, մենք որոշեցինք վերադառնալ Երևան, ու մեկ տարի մնացինք Երևանում: Երբ Երևանում էի՝ նորից ճշտեցի՝ արդյո՞ք կարող եմ Օպերային թատրոն ընդունվել աշխատանքի, բայց ասացին, որ այս պահին ազատ հաստիք չկա: Մտածում էի՝ միգուցե այս անգամ ստացվի պարելը: Ցավոք, չստացվեց: Ու Ռումինիայի արդեն Օպերայի և բալետի ազգային թատրոնից հրավեր ստացա, ու կարծես վերևից լիներ, որ վերջապես ընդունվեցի հենց օպերային թատրոն ու արդեն սկսեցի տարբեր ներկայացումներում պարել:

«Նաբուկկո»՝ Բուխարեստի ազգային օպերա
Ի վերջո տասը տարի անց Դուք հասաք Ձեր նպատակին:
-Այո, հիմա, ցավոք, էլի վնասվածք ունեմ, բայց, Փառք Աստծո, մյուս տարվա համար էլ պայմանագիր ունեմ թատրոնի հետ: Ու 31 տարեկանում սպասումների շրջանը փակվեց, ու ես դարձա բալետի արտիստուհի: Քսանութ տարեկանում, ճիշտ է, ես բալետային թատրոնում էի պարում, բայց օպերային թատրոնում ընդունվեցի աշխատանքի միայն 31-ում: Ոչ թե փոքր թատրոն, այլ մեծ թատրոն, բալետային ներկայացումներով, դերերով: Հիմա երազանքս է՝ որքան հնարավոր է շատ պարել: Միայն այն հանգամանքը, որ ես բեմ եմ դուրս գալիս, պուանտ եմ հագնում, պարում, ինձ մեծագույն երջանկություն է պարգևում: Շատ ծանր էր բալերինա դառնալու ճանապարհը, շատ մեծ փորձություններով․․․

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Լիլիթ Հակոբյան․ Ամբիցիան շատ կարևոր բան է, որն ինձ օգնում է գոյատևել
Նարեկ Մարտիրոսյան․ Լուրերից իմացա, որ արժանացել եմ «Մովսես Խորենացի» մեդալին
Արշակ Ղալումյան․ «Born in Armenia» արտահայտությունը միշտ ինձ հետ է
Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից


