Logo

Արսեն Բեգլարյանի պատմական նվաճումը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:10 / 08.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

ԲԿՄԱ-ի հետ Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Հայաստանի առաջնություններում իր հոբելյանական՝ 250-րդ հանդիպումը նշեց պատմական նվաճմամբ: Նա Հայաստանի առաջնություններում 100-րդ անգամ դարպասը պահեց անառիկ: Բեգլարյանը դարձավ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ նման ցուցանիշ գրանցած ընդամենը 3-րդ դարպասապահը:

Ռեկորդակիրը Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահ Գևորգ Կասպարովն է, որն անցկացրած 348 հանդիպումներից 123-ում գոլ բաց չի թողել: Երկրորդ ցուցանիշն ունի Հարություն Աբրահամյանը, որն առաջնությունում անցկացրած 214 հանդիպումներից 103-ում է դարպասն անառիկ պահել: Ի դեպ, հենց նա էլ Հայաստանի առաջնություններում առաջինն է 100-րդ «չոր» խաղն անցկացրել:

Դա տեղի է ունեցել 2001թ. նոյեմբերի 17-ին կայացած «Դինամո» - «Սպարտակ» խաղում (0-5), որում Հարություն Աբրահամյանը պաշտպանում էր սպարտակցիների դարպասը: Հետաքրքիր է, որ այդ օրը փորձառու դարպասապահը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 200-րդ խաղն էր անցկացրել:

2016թ. ապրիլի 6-ին «Արարատի» հետ խաղում «Ալաշկերտի» 35-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը Բարձրագույն խմբում 100-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Նման ցուցանիշի հասնելու համար Կասպարովից 280 խաղ պահանջվեց:

Եվ արդեն հաջորդ մրցաշրջանի սկզբում՝ 2016թ. օգոստոսի 21-ին «Բանանցի» հետ մրցավեճում «Ալաշկերտի» դարպասապահը ՀՀ առաջնություններում 104-րդ անգամ դարպասը պահելով անառիկ, անխոցելիության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Հարություն Աբրահամյանի ցուցանիշը:

Կրասնոդարում ծնված և ֆուտբոլային առաջին քայլերը տեղի «Կուբանի» և «Կրասնոդարի» երիտասարդական թիմերում կատարած Արսեն Բեգլարյանը Հայաստանում հայտնվեց 2012թ. ամռանը: Ելնելով  ազգային հավաքականի շահերից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 2012/13թթ. մրցաշրջանից սկսած առաջնության մասնակից թիմերին արգելվել էր հայտավորել այլազգի դարպասապահների:

Ուստի «Գանձասարը», որի դարպասը նախորդ մի քանի մրցաշրջաններում հաջողությամբ պաշտպանել էր վրացի Լևան Բուբուտեիշվիլին՝ ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացնելով 92 խաղ, թիմ էր հրավիրել 19-ամյա Արսեն Բեգլարյանին:

Երիտասարդ դարպասապահը նորամուտը նշեց 2012թ. հուլիսի 29-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Հանդիպումը հաջող դասավորվեց Բեգլարյանի համար, որը դարպասն անառիկ պահելով, նպաստեց գանձասարցիների հաղթանակին՝ 2-0:

Բեգլարյանը միանգամից դարձավ թիմի հիմնական դարպասապահը: Առաջնության 25 հանդիպումներում նա նույնքան գոլ բաց թողեց, 11 անգամ դարպասն անառիկ պահեց: Բարձրագույն խմբում իր առաջին իսկ մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմակիցների հետ արժանացավ բրոնզե մեդալի:

Հաջորդ մրցաշրջանում Բեգլարյանը կրկին գանձասարցիների հիմնական դարպասապահն էր: Նա առաջնության 28 հանդիպումներից 24-ում պաշտպանեց դարպասը՝ բաց թողնելով 29 գոլ, 7 անգամ դարպասը պահելով անառիկ: 

Առաջնության ավարտից հետո Բեգլարյանը կարճ ժամանակով տեղափոխվեց «Շիրակ»՝ թիմի դարպասը պաշտպանելով Կարագանդայի «Շախտյորի» հետ Գյումրիում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում: Իսկ նոր մրցաշրջանը նա դիմավորեց «Ուլիսում»՝ ընդունելով ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի հրավերը:

Նոր ակումբում 21-ամյա Բեգլարյանի նորամուտը փառահեղ ստացվեց: Առաջնության մեկնարկային 5 հանդիպումներում նա դարպասն անառիկ պահեց և միայն «Միկայի հետ խաղի ավելացված ժամանակում առաջին գոլը բաց թողեց՝ ընդհանուր առմամբ դարպասն անառիկ պահելով 539 րոպե շարունակ:

Այդ ցուցանիշը ռեկորդային էր «Ուլիսում» հանդես եկած դարպասապահների համար, որն այդպես էլ անգերազանցելի մնաց: Դա նաև տարիքային նոր ռեկորդ էր ՀՀ առաջնություններում այդ տարիքում հանդես եկած դարպասապահների մեջ, որն ընթացիկ առաջնության նախորդ տուրում գերազանցեց «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը՝ 540 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: «Ուլիսում» Բեգլարյանն իր երկրորդ մեդալը նվաճեց՝ դառնալով արծաթե մրցանակակիր:

2015/16թթ. առաջնությունում Բեգլարյանը պաշտպանեց «Միկայի» դարպասը, որի լուծարումից հետո տեղափոխվեց «Ալաշկերտ»: Այստեղ արդեն զգալի փորձ ունեցող դարպասապահը հասավ ֆուտբոլային կարիերայի առայժմ իր ամենամեծ նվաճումներին՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ պատվո շրջան կատարելով Սուպերգավաթով:

«Ալաշկերտում» անցկացրած իր առաջին մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը թիմի դարպասապահների մեջ նոր ռեկորդ սահմանեց՝  536 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Միայն հետագայում Օգնյեն Չանչարևիչին հաջողվեց գերազանցել Բեգլարյանի ցուցանիշը՝ գոլ բաց չթողնելով 594 րոպե շարունակ:

2017/18թթ. մրցաշրջանի ավարտից հետո Բեգլարյանը մեկնեց արտերկիր, որտեղ պաշտպանեց լատվիական «Լիեպայայի» և բելառուսական «Դնեպրի» դարպասները:

Վերադառնալով Հայաստան, 2020թ. փետրվարի սկզբին Բեգլարյանն ընդունեց «Ուրարտուի» հրավերը, որի կազմում նորամուտը նշեց մայիսի 25-ին «Արարատի» հետ կայացած առաջնության խաղում: 2022/23թթ. մրցաշրջանում նա «Ուրարտուի» կազմում դարձավ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր:

Հաջորդ մրցաշրջանում պաշտպանելով «Արարատ-Արմենիայի» դարպասը, Բեգլարյանը 2-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը՝ իր մեծ ներդրումն ունենալով եզրափակիչ խաղում «Ուրարտուի» նկատմամբ հետխաղյա 11մ հարվածաշարում տարած հաղթանակում: Նա հետ մղեց Ժիրայր Մարգարյանի 11մ հարվածը, ինչն էլ վճռեց մրցակցության ելքը:

2024/25թթ. մրցաշրջանի առաջին կեսն անցկացնելով «Արարատ-Արմենիայում», Բեգլարյանն առաջնության գարնանային հատվածում պաշտպանեց «Վանի» դարպասը, իսկ ամռանն իր թիմակիցների հետ տեղափոխվեց «Ալաշկերտ»:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով դարպասապահների լավագույն տասնյակը՝ նշելով անցկացրած խաղերի ընդհանուր քանակը:

1. Գևորգ Կասպարով

123

348

2. Հարություն Աբրահամյան

103

214

3. Արսեն Բեգլարյան

100

250

4. Ռայմոնդ Զադուրյան

89

261

5. Արթուր Հովհաննիսյան

85

163

6. Օգնյեն Չանչարևիչ       

76

199

7. Էդիկ Երիցյան

74

247

8. Գառնիկ Հովհաննիսյան

69

177

9. Ստեփան Ղազարյան

65

194

10. Վսևոլոդ Երմակով

63

171

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ