Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիրը 5-2 հաշվով առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի նկատմամբ:
Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 3-0 հաշվով, իսկ երկրորդում պահպանեց առավելությունը։ Մինչև եզրափակիչ հասնելը Հարությունյանը միավոր չէր տվել մրցակիցներին։
Հայաստանի ներկայացուցիչը նախօրեին պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Էմրա Օրմանօղլուի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում 23-ամյա Հարությունյանը վաղաժամ էր ավարտել գոտեմարտը՝ 10-0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Արման Ելոյանին:
Արսեն Հարությունյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ կրկնելով 2019 և 2022 թվականների հաջողությունը։
Հիշեցնենք, որ սա Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալն էր ԵԱ-ում։ Ապրիլի 18-ին Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ)։
Քիչ անց բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Հրայր Ալիխանյանը (74 կգ):
Մրցումային երկրորդ օրը Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվել էր մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնացել հետագա պայքարից, իսկ Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4-7 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ահմադ Մագոմեդովին:
Մրցումային առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։
1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։
Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։
Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:
Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում


