
տուր
01 Հունվար 1970 - 18:05
- 
Արսեն Ջուլֆալակյանը, որն ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մասնակցել է ՄՕԿ-ի վիրտուալ ժողովին, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ՏՈԿԻՈ 2020-ի վերաբերյալ։
«Րոպեներ առաջ ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:
Հարցերն ամենարբերն էին՝
- մարզումների իրականացման համար անհնար պայմաններ
- սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն
- վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով
- դոպինգային ստուգումների անհնարինություն
- օլիմպիական խաղերի թեկնածու, բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր
- խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն
- խաղերի հետաձգում և այլն…
Տրվեցին այս պահի դրությամբ հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ:
Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա:
Եվ կրկին, հղում անելով նախագահ Բախին, ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»,- գրել է Ջուլֆալակյանը։

