Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է ֆրանսիական «Ստրասբուր» տեղափոխվելուն, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Հռոմի «Լացիո» ձախողված տրանսֆերից հետո 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ դարձել է ավելի հավանական։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լիգա 1-ը ներկայացնող ակումբը Զախարյանին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետի ավարտից հետո նա ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Լոնդոնի «Չելսիին»: Երկու ակումբներն էլ պատկանում են ամերիկյան BlueCo կոնսորցիումին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվել էր Արսեն Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»: Նա «Դինամոյի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա 3 խաղում խփել է մեկ գոլ ու կատարել մեկ ասիստ։


