Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունի ծառայություններով, հայտնում է Sky Sports Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը հրաժարվել է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերային իրավունքը գնելուց, քանի որ նա միաժամանակ բանակցություններ է վարել Թուրինի «Յուվենտուսի» հետ, ավելին՝ մի քանի օր «Ինտերը» չի կարողացել կապ հաստատել ֆուտբոլիստի հետ:
Նման որոշում կայացնելուց հետո «Ինտերը» կենտրոնացել է Անգլիայի փոխչեմպիոնի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու ուղղությամբ:
2022/23 մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Ռեյմսում» և 39 խաղում դարձել է 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


