Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է 2021 թվականի մայիսի 31-ին ավարտված ֆինանսական տարվա հաշվետվությունը, որի համաձայն՝ ակումբը 107,3 մլն ֆունտի ռեկորդային վնաս է կրել։
Նշվում է, որ դա գերազանցապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի շրջանում հանդիպումները դատարկ տրիբունաների ներքո անցկացնելու հանգամանքով։ Հաշվետվությունը ներառում է 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2021-ի մայիսի 31-ը գրանցված տվյալները։ Վնասն ավելի քան կրկնակի գերազանցում է այդ ժամանակաշրջանին նախորդած մրցաշրջանի ցուցանիշը։ Այդ ընթացքում ակումբը հանդիպումների անցկացումից վաստակել է ընդամենը 3,8 մլն ֆունտ, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 75 մլն ֆունտ։
Նվազել է նաև կոմերցիոն գործունեությունից ստացված եկամուտը, որը 142,3 մլն ֆունտից հասել է 136,4 միլիոնի։ Իսկ ահա աշխատավարձի վճարմանն ուղված գումարների չափն ավելացել է 9,9 մլն ֆունտով՝ հասնելով 244,4 միլիոնի։ Հաշվետու ժամանակաշրջանում «զինագործները» 14,8 մլն ֆունտ են վաստակել ֆուտբոլիստների վաճառքից (մեկ տարի առաջ այդ գումարը կազմել է 63,8 մլն)։
Համավարակի շրջանում «Արսենալի» հիմնական թիմի խաղացողները կամավոր համաձայնել էին իրենց աշխատավարձի կրճատմանը 12,5 տոկոսով։ Լոնդոնյան ակումբը նաև հայտարարել է 2022/23 թվականների մրցաշրջանում խաղերի տոմսերի գնի բարձրացման մասին։ Ներկայումս «Արսենալը» 6-րդ տեղն է զբաղեցնում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության մրցաշարային աղյուսակում։