Logo

Արտակ Դաշյան. ««Փյունիկին» միանալուց հետո իմ կարիերայում դրական տեղաշարժերը շատ են»

22:16 / 22.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Թուրքիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի, թիմի տրամադրության մասին, անդրադարձել երևանյան ակումբին միանալուց հետո իր գրանցած մեծ առաջընթացին և նշել Եղիշե Մելիքյանի կարևոր դերն այդ գործում:

34-ամյա ֆուտբոլիստը նաև նշել է՝ ինչ զգացողություններ է ապրել Հայաստանի հավաքականի կազմում նախորդ տարի Եվրո-2024-ի ընտրական փուլի արտագնա խաղում Թուրքիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո (1-1):

Թուրքիայում կայացած ուսումնամարզական հավաքի մասին

«Ուսումնամարզական հավաքն անցավ լավ մակարդակի վրա, հիմա լավ մարզավիճակում եմ: Մարզումներից բացի, ընկերական հանդիպումներ անցկացրինք, որոնք մեծ դեր խաղացին` փորձարկումներ կատարելու տեսանկյունից, օգնեցին հասկանալ մեր ուժեղ ու թույլ կողմերը և աշխատել դրանց վրա: Այո, ունեցանք նաև պարտություններ, որոնք միշտ էլ տհաճ են, բայց դա թիմի տրամադրության վրա չի ազդել, քանի որ դրանք ընդամենը ընկերական խաղեր են, որոնց նպատակն այլ է»:

Հայաստանի առաջնության գարնանային հատվածից սպասելիքների մասին

«Մեզ համար նշանակություն չունի, քանի որ թիմը գնում է դեպի չեմպիոնության ու ամեն խաղում դուրս է գալու խաղադաշտ միայն հաղթանակի համար, որևէ դեր չի խաղում առաջին տեղում ենք, թե երկրորդ: Մեկնարկելու ենք «Արարատ-Արմենիայի» ու «Ուրարտուի» դեմ հանդիպումներով: Երկու թիմերն էլ համալրված են բարձրակարգ ֆուտբոլիստներով ու նրանք էլ, ինչպես և մենք, պայքարում են չեմպիոնության համար, և, բնականաբար, հասկանում ենք, որ հեշտ խաղեր չեն սպասվում:

Հնարավոր չէ ամբողջ մրցաշրջան անցկացնել առանց սխալների, թերացումների, խաղերի ժամանակ նույնպես լինում են սխալներ, բայց կարևոր է միշտ վերլուծել, ուղղել սխալները, չնայել հետ ու առաջ շարժվել, այս մրցաշրջանում մենք այդպես էլ արել ենք»:

«Փյունիկին» միանալուց հետո կարիերայում գրանցած առաջընթացի մասին

««Փյունիկին» միանալուց հետո իմ կարիերայում դրական տեղաշարժերը շատ են: «Փյունիկի» հետ կարիերայիս լավագույն երկու տարիների ընթացքում զգացել եմ ակումբի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի վստահությունը, վերադարձել եմ հավաքական: Իսկ ես, իմ հերթին, ամեն ինչ արել եմ, որպեսզի առավելագույնս դրսևորեմ ինձ ու ապացուցեմ, որ իմ հարցում չեն սխալվել: Ինչ վերաբերում է մարզավիճակին, ապա կասեմ, որ միայն ճիշտ ու քրտանաջան աշխատանքի շնորհիվ կարող ես հասնել քո առավելագույնին»:

Եղիշե Մելիքյանի մասին

«Մելիքյանը մյուս մարզիչներից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր մրցակցի դեմ թիմին պատրաստում է յուրովի, վերլուծում է հակառակորդին` չանտեսելով ոչ մի մանրուք: Նա տակտիկապես շատ ճկուն մարզիչ է, որը օգնում է նաև ինձ ավելի լավ արդյունքների հասնել»:

Թուրքիայի հավաքականի դարպասը գրավելու մասին

«Իսկապես աննկարագրելի զգացողություններ ապրեցի այդ պահին, բայց երբ խաղից հետո էմոցիաները մի փոքր սառում են, գիտակցում է գալիս, թե ում դարպասին ես խփել այդ գոլը ու հպարտության մեծ զգացում ես ապրում»:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ