Ռուսական «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցն անձամբ է համոզել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ազգային հավաքականը գլխավորելու վերաբերյալ առաջարկը, հայտնում է «Спорт-Экспресс»-ը:
2022-ի աշնանը՝ մինչև Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագրի երկարաձգումը, 54-ամյա մասնագետը մոտ է եղել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելուն: Կարպինը համաձայնել է նոր պաշտոնը ստանձնելուն, սակայն վերջին խոսքը եղել է ակումբինը: Արդյունքում ռուս մասնագետը մինչև օրս համատեղում է աշխատանքը «Ռոստովում» և Ռուսաստանի հավաքականում:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել էր ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուց երկու օր առաջ 65-ամյա մարզիչը հեռացել էր Ուկրաինայի հավաքականից, որը գլխավորում էր 2021 թվականի նոյեմբերին։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն: Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը գլխավորել է ուկրաինական ակումբներ ու երկրի Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ20 հավաքականները։
2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3-0, 5-0)։


